Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում վերացնել Վրաստանի նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցները

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում վերացնել Վրաստանի նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցները

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է վերացնել վրացական Կուլևի քաղաքի նավթավերամշակման գործարանի նկատմամբ սահմանափակումները, քանի որ այդ գործարանը դադարեցրել է ռուսական նավթի վերամշակումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականից, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Շիոբհան ՄաքԳարին։

Խոսնակը հաստատել է, որ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է վերացնել վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ նավթավերամշակման գործարանը կատարել է ռուսական նավթի վերամշակումը դադարեցնելու իր պարտավորությունը։

«Մեզ համար սա վկայում է այն մասին, որ մեր պատժամիջոցները կարող են հաջողությամբ փոխել վարքագիծը։ Իհարկե, մենք կշարունակենք հետևել իրավիճակին, սակայն սա այն բաներից մեկն է, որը մենք շատ դրական ենք համարում մեր պատժամիջոցների զսպող ազդեցության առումով», – նշել է ՄաքԳարին։

Նա նաև շեշտել է, որ Կուլևիի նավթավերամշակման գործարանի դեմ պատժամիջոցները սահմանվել են 21-րդ փաթեթի շրջանակներում։

Նոյեմբերի 23-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի առաջարկը, որն, ի թիվս այլ բաների, ներառում է ռուսական թիմերի և մարզիկների մրցելու արգելքը ԵՄ-ում մարզական միջոցառումներին Ռուսաստանի դրոշի ներքո: Նաև առաջարկվում է արգելել Ռուսաստանի պաշտոնական խորհրդանիշների ցուցադրումը։ Նույն օրը Եվրոպական հանձնաժողովն ընդունել է վիզայի վերաբերյալ թարմացված առաջարկություններ, որոնք վերաբերում են նաև ռուսաստանցի մարզիկներին։

Leave a comment