Նոյեմբերի 20-26-ը Հայաստանում գտնվող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչները ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի պաշտոնյաների հետ քննարկել են ջրային և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա աշխատանքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վեդու ջրամբարի ավարտական աշխատանքներին, Սյունիքում ջրային և գյուղատնտեսության ոլորտների զարգացման ծրագրի մեկնարկին, ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելուն և առաջին հատկացումների նախապատրաստմանը։ Քննարկվել են նաև Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի իրականացման հարցերը։
Ջրային կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․
Նոյեմբերի 20-26-ը հերթական առաքելության այցով Հայաստանում են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչները։ Այցի նպատակն է ուսումնասիրել ջրային և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքն ու քննարկել առաջիկա աշխատանքները։
Առաքելությունը ղեկավարում են ԶՖԳ-ի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆանի Դելպեյը, գյուղատնտեսության և ոռոգման ծրագրերի պատասխանատու Տանգի Վենսանն ու Հայաստանի ծրագրերի պատասխանատու Զավեն Մելիքջանյանը։
Այցի շրջանակում պատվիրակությանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում հյուրընկալեց Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Ջրային կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն ու ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված մասնագետները։
Քննարկման առանցքում եղել են Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների ինտեգրված զարգացման ծրագիրը (WAIDA)՝ ներառյալ այդ ծրագրի ներքո նախատեսված Սյունիքի բաղադրիչն ու Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը (WISE)։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել WAIDA ծրագրի շրջանակներում Սյունիքի բաղադրիչի մեկնարկի կազմակերպմանը, ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելուն և առաջին ֆինանսական հատկացումների նախապատրաստմանը։
Քննարկվել են նաև Վեդու ջրամբարի ավարտական աշխատանքներն ու ծրագրում ներգրավված վերահսկող խորհրդատուի պայմանագրի ժամկետների երկարաձգման հարցերը։ Առաքելության շրջանակում նախատեսվում է նաև այցելություն Սյունիքի մարզ և Վեդու ջրամբար։
Անդրադարձ է կատարվել IADAAM ծրագրի մանրամասներին, մասնավորապես՝ քննարկվել են ծրագրի շրջանակներում Ջրային կոմիտեի առաջնահերթությունների հասցեավորման հարցերը և այդ համատեքստում խորհրդատվական պայմանագրի ժամկետներին վերաբերող հարցերը։
Նալբանդյանն իր խոսքում կարևորել է ԶՖԳ–ի հետ Ջրային կոմիտեի արդյունավետ համագործակցությունը և ծրագրերի իրականացումը՝ շեշտելով կրկնվող գործողություններից խուսափելու և առկա ռեսուրսները նպատակային օգտագործելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատանքների շարունակականության ապահովման և ներգրավված կառույցների միջև համակարգված համագործակցության պատրաստակամությունը և պայմանավորվածություն ձեռք բերել առաքելության այցի շրջանակներում ծրագրերի թիրախային տարածաշրջաններ համատեղ այցելությունների ժամանակացույցի շուրջ։