«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնել, իրենց գնահատմամբ, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների և քաղաքական առաջնորդների կալանավորումների վերաբերյալ։

Պատգամավորներն անդրադարձել են նաև Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծին՝ նշելով, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են առաջարկվող փոփոխություններին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցերը։

ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։

Ողջունելով հյուրին՝ Աննա Գրիգորյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա սերտ հարաբերություններից, համագործակցության խորացումից՝ բարձր գնահատելով մի շարք ոլորտներում Ֆրանսիայի աջակցությունը։

Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Նա, մասնավորապես, մտահոգություն է հայտնել, իր խոսքով, քաղաքական հետապնդումների ու քաղաքական առաջնորդների կալանավորումների առնչությամբ։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծին՝ պատգամավորները նշել են, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են փաստաթղթով առաջարկվող փոփոխություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Կարևորվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել են հումանիտար խնդիրները, հատկապես՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։

Leave a comment