Ճապոնիան կորցնում է դիրքերը համաշխարհային տնտեսական հիերարխիայում

Ճապոնիան կարող է կորցնել իր դիրքերը համաշխարհային տնտեսական հիերարխիայում․ 2027 թվականին երկիրը անվանական ՀՆԱ-ի ծավալով կարող է երրորդ տեղից նահանջել վեցերորդ։ Որպես պատճառ նշվում է ճապոնական իենի փոխարժեքի անկումը։ Նման կանխատեսում է հրապարակել Asahi թերթը։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը մոտ ապագայում կհաղթահարի 700 տրիլիոն իենի (շուրջ 4.4 տրիլիոն դոլար) շեմը։ Հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ երկրի անվանական ՀՆԱ-ն կազմել է շուրջ 693 տրիլիոն իեն, ինչը 20.9%-ով ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Սակայն իրական արտահայտությամբ աճը շատ ավելի համեստ է եղել՝ ընդամենը 4.6%։ Ինչպես պարզաբանում է թերթը, այդ տարբերությունը պայմանավորված է գների աճով։

Միևնույն ժամանակ, չնայած իենով արտահայտված անվանական ՀՆԱ-ի զգալի աճին, դոլարով վերահաշվարկը ցույց է տալիս տնտեսական աճի տեմպերի դանդաղում։ Պատճառը իենի արժեզրկումն է։ Եթե 2022 թվականին մեկ դոլարի դիմաց տալիս էին 131.5 իեն, ապա 2026 թվականին փոխարժեքը հասել է 158.8 իենի։

Արդյունքում՝ Ճապոնիան, որը մինչև 2022 թվականը ԱՄՆ-ից և Չինաստանից հետո աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունն էր, 2023 թվականին առաջ է թողել Գերմանիային՝ նահանջելով չորրորդ հորիզոնական։ Իսկ 2027 թվականին, կանխատեսման համաձայն, երկրին կգերազանցեն նաև Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան։

Այս կապակցությամբ Ճապոնիայի իշխանություններն ընդգծում են, որ չարժե չափազանց անհանգստանալ վարկանիշային աղյուսակների համար։ Նրանց խոսքով՝ երկրների դիրքերի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն փոխարժեքի տատանումներով, այլև այլ գործոններով, օրինակ՝ բնակչության թվաքանակով և տնտեսական աճի տեմպերով։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 1990-ականներին Ճապոնիային բաժին էր ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի մինչև 18%-ը, մինչդեռ 2026 թվականին այդ մասնաբաժինը նվազել է՝ հասնելով շուրջ 3%-ի։

Leave a comment