«Մենք ձեզնից մեկն ենք՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար պայքարող»։
Սա ոչ թե պարզապես կարգախոս է, այլ Հայաստանի գործող իշխանության հիմնական քաղաքական թեզը, որն արդեն ութ տարի շահարկվում է ճգնաժամային ու բարդ պահերին՝ հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ է կոնտրաստ ստեղծել և նախկիններին ներկայացնել որպես համակարգային «չար ձյաձյաների»։
Այդ նույն տրամաբանությամբ է գործում քաղաքական հաղորդակցության այս մոդելը․ երկրի թիվ մեկ դեմքը պարբերաբար կերպարանափոխվում է՝ մի օր ճաշելուց տեսանյութ հրապարակելով, մյուս օրը հեծանիվ քշելով, երրորդ օրը բանան «գողանալով», չորրորդ դեպքում էլ՝ կոշիկներն առանց «ռաժոկի» հագնելով։ Սա հաշվարկված կենցաղային մտերմության քաղաքականություն է՝ իշխանության ու քաղաքացու միջև ֆորմալ պատնեշը ջնջելու փորձ։
Սակայն այս քաղաքական «սերիալն» ունի նաև երկրորդական ու էպիզոդիկ դերակատարներ՝ նախարարներից ու պատգամավորներից մինչև մարզպետներ ու համայնքապետեր։ Եվ եթե գլխավոր հերոսը տվյալ ժանրի մեջ արդեն որոշակի հմտություն ու ինքնավստահություն է ձեռք բերել, ապա ենթակա օղակներում հաճախ են արձանագրվում կերպարային խոտաններ ու «կիքսեր»։
Այսպես, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս այցելել է Լեռնավան, տնայցերով քարոզարշավ իրականացրել և բնակիչներին խնդրել Սպիտակում իրենց թեկնածուին՝ Քաջայր Նիկողոսյանին ձայն տալ։
Բնակիչներից մեկի տուն մտնելիս Մկրտչյանը ցուցադրաբար հանել է կոշիկները՝ այդ քայլով փորձելով ամրապնդել «սովորական, տնից դուրս եկած տղայի» կերպարը, որին մայրը կնախատեր ցեխոտ կոշիկներով ներս մտնելու համար։ Տանտիրուհու հորդորները՝ չանել նման բան, քանի որ հյուրը պաշտոնյա է, մնացել են անպատասխան։ Մարզպետը, սպիտակ գուլպաներով, նստել է բազմոցին ու սկսել օրվա հոգսերի մասին զրույցը։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հպարտ կեցվածքով հետևելով այդ տեսարանին, մնացել է կոշիկներով։
Այս դրվագը միանգամից մի քանի հարց է առաջացնում՝ կերպարային անհամաձայնությունից մինչև պարզ կենցաղային հետևանքներ։ Կամ նախարարն այդքան էլ օրգանիկ չէ այդ «ժողովրդական» սցենարում, կամ էլ, ով գիտի, գուցե նրա գուլպան «ծակ» է եղել, և նա պարզապես խուսափել է կոշիկները հանելուց՝ կոշիկների տակի ցեխը թողնելով այն հատակին, որը տանտիրուհին հավանաբար ժամեր շարունակ մաքրել էր պաշտոնյաներին ընդունելու համար։
Վարկածները բազմազան են՝ ընդհուպ ռեժիսորական թերացում, երբ նկարահանող կամ կազմակերպչական թիմը հերթական դրվագին այնքան էլ լուրջ չի մոտեցել՝ հաշվի առնելով, որ տեսարանի կենտրոնում գլխավոր դերակատարը չէ։ Ինչ էլ լինի պատճառը, դիտորդին մնում է միայն արձանագրել կերպարային այս անհամաձայնությունը, որտեղ «ժողովրդականության» բեմադրությունը տեղ-տեղ խախտվում է ամենապարզ մանրուքից։