Ընթանում է Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը: Սպանությունը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում, ինչի հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանն ու ոստիկան Կարեն Աբրահամյանը: Գործով մեղադրյալներից Նարեկ Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Մյուս մեղադրյալը՝ Գևորգ Հարությունյանը, այսօր դատական լսումների ընթացքում՝ քննչական ցուցմունքի տեսագրության ուսումնասիրության ժամանակ նշեց, որ տեսել է Վալոդյա Գրիգորյանի ընկնելը, սակայն ավելի ուշ է իմացել, որ Կարեն Աբրահամյանն էլ է զոհվել։ Նա նշեց, որ երբ մոտեցել է Գրիգորյանին, տեսել է, որ նա շնչում է: «Պարզվեց՝ հետի մարդը Կարենն է, ես չեմ ճանաչել իրեն, հետո կրակահերթ բացեցի, երկուսով միանգամից ընկան։ Հետո հետ գնացի, տեսա՝ Վալոդյա Գրիգորյանի ծանր շնչառությունը լսվում է, փախուստի դիմեցի»,- ցուցմունք տալիս ասաց Գևորգ Հարությունյանը։
Քննչական գործողությունների տեսագրություններում նա ներկայացրեց իր տեղաշարժերը դեպքի վայրում, զենքի, դեպքի վայրից հեռանալու ժամանակահատվածի հետ կապված որոշ մանրամասներ: Հարցաքննության ժամանակ անդրադարձ եղավ նաև տարբեր անձանց հետ ունեցած առնչություններին:
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: