Փոխնախարար Աննա Կարապետյանն իշխող ուժի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ խտրական վերաբերմունք չի տեսնում

«Օրենքի նախագծում թվարկում են մի շարք խմբեր, որոնք կարող են թիրախավորվել խտրականության տեսանկյունից, այդ թվում և կրոնական խմբերը։ Ի՞նչ վերաբերմունք ունեք դուք, երբ որ հիմա կառավարությունը փաստացի թիրախավորել է ամենամեծ կրոնական համայնքին Հայաստանում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, և պետական ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, անարգվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակների հոգևոր զգացողությունները՝ մեր հոգևոր առաջնորդներին անարգելով, նրանց ավազանի անունով դիմելով, և դրանով իսկ մեր հոգևոր զգացմունքները վիրավորելով։ Օրինակ՝ այս օրենքի ընդունումից հետո կամ մինչև օրենքի ընդունումը ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվի մեր կրոնական համայնքի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների իրավունքները պաշտպանելու իմաստով»,- խորհրդարանում մարդու իրավունքների եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենքների նախագծերի փաթեթի աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Փաստացի այս դեպքում ձեր մատնանշված հիմքով՝ կրոնական խտրականության, որևէ դեպքի առկայության դեպքում՝ փաստացի այո, պիտի լինի, բայց պիտի հասկանանք, թե ի՞նչ է խտրականությունը։ Մենք օրենքով նախատեսել ենք խտրականության հիմնական հասկացություններ. ուղղակի խտրականություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ պաշտպանված հատկանիշներից որևէ մեկով կամ մի քանիսի հիմքով դրսևորած գործողություն, անգործություն, կարգավորում, վերաբերմունք կամ քաղաքականություն, որի արդյունքում անձը կամ անձանց խումբը հայտնվում է նույն կամ նման հանգամանքներում գտնվող այլ անձի կամ անձանց խմբին համեմատ նվազ բարենպաստ վիճակում։ Փաստացի այս դեպքում և այս հանգամանքով պայմանավորված՝ ձեր կողմից բարձրաձայնված դեպքում ես անձամբ, խտրականության դեպքեր չեմ տեսնում։ Եթե կլինեն այլ հանգամանքներ, որոնք որ կարծում եք, որ կարող են դիտարկվել՝ թեկուզ մեր խտրականության հասկացության մյուս դեպքերում, որոնցից են անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, փաստացի սեգրեգացիան և այլն»,- պատասխանեց փոխնախարարը։

Էդգար Ղազարյանը նաեւ քննարկմանը ներկա Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին էր դիմել՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման Ազգային ժողովի երկու փոխնախագահների՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը իրեն, իբրեւ ՀՀ քաղաքացի, չեն ընդունել՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով, եւ իր գնահատմամբ՝ խտրական վերաբերմունք են դրսեւորել։ Ինքն այդ հարցով նաեւ ՄԻՊ գրասենյակ էր դիմել, արդեն մեկ տարի է անցել, իրեն նույնիսկ չեն պատասխանել։

Նաեւ հետաքրքրվել էր՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից որևէ մեկում կա՞ երկրորդ օրինակը, որ մարդու իրավունքների պաշտպանը հետո դառնա հետախույզ, իսկ դատախազը՝ մարդու իրավունքների պաշտպան։

«Շատ խորհրդանշական է ձեր՝ այսօր այստեղ գտնվելը և հենց իրավահավասարության և հակախտրականության ոլորտի հետ կապված հարցեր տալը, որովհետև եթե չեմ սխալվում, մի քանի զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածված գլխագրերում հենց դուք էիք այն հիմնական հերոսը, ով խտրական վերաբերմունք էր տարածում տարբեր սոցիալական խմբերի նկատմամբ՝ մասնավորապես խմբերից մեկը․․․ եթե չեմ սխալվում, ԼԳԲՏ-ի ներկայացուցիչներն էին»,-Էդգար Ղազարյանին հակադարձեց Անահիտ Մանասյանը։

Ինչ վերաբերվում է ԱԺ նախկին փոխնախագահների կողմից ընդունելության չարժանանալուն՝ ասաց՝ քննարկումը պետք չէ վերածել քաղաքական նպատակահարմարություններից թելադրված գործողությունների քննարկման։

Մանրամասները՝

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment