Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության

Նոյեմբերի լույս 25-ի գիշերը ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Զապորոժիեի, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Խարկովի և այլ մարզերին։ Ռուսական հարվածների  հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը։

«Զապորոժիեօբլէներգո»-ի տվյալներով՝ էլեկտրամատակարարումից զրկվել են Զապորոժիեում և մարզում գտնվող զգալի թվով սպառողներ։ Էլեկտրացանցերում համակարգային վթարների արձագանքման ծրագիր է գործարկվել, իսկ էներգետիկները աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Կիևի մարզի Բելոցերկովսկի շրջանում մեկ տղամարդ է զոհվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի և Բելոցերկովսկի քաղաքային համայնքի վարչակազմի տվյալներով՝ հարձակումից հետո ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, այրվել են մեքենաներ, վնասվել են «Էպիցենտր» հիպերմարկետը, «Նովայա պոչտա»-ի մասնաճյուղը և քաղաքացիական բիզնեսի այլ օբյեկտներ։

Դնեպրում մեկ տղամարդ է տուժել։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Դնեպրի և Կրիվոյ Ռոգի շրջանի ենթակառուցվածքային օբյեկտներին։ Նիկոպոլի շրջանում վնասվել են առանձնատուն և ավտոմեքենա։

Օդեսայի մարզում երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս։ Եվս երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 12-ամյա երեխա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, առանձնատուն, արտադրական շինություն և մարդատար ավտոմեքենաներ։

Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի մարզի Չուգուևի շրջանում՝ Ֆյոդորովկա գյուղի մերձակայքում գտնվող ավտոճանապարհին երթուղային ավտոբուսին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Եվս յոթ մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Խերսոնի մարզի իշխանությունները հայտնել են Խերսոնի Կորաբելնի շրջանում մեկ տուժածի մասին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 112 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ուժերը խոցել են դրանցից 88-ը, 18-ը հասել են իրենց թիրախներին, իսկ 13 վայրում ընկել են անօդաչուների բեկորները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածների հետևանքով Զապորոժիեում վնասվել է էլեկտրական ենթակայան, Դնեպրոպետրովսկում՝ երկու երկաթուղային լոկոմոտիվ, Զելենոդոլսկում՝ էլեկտրական ենթակայան, Սնովսկում՝ արդյունաբերական ձեռնարկություն, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում՝ բեռնատար նավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment