Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ Սահմանադրության նոր նախագծին՝ պնդելով, որ դրանում ներառված որոշ դրույթներ կարող են իշխանությունների համար ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ գործադրելու լրացուցիչ գործիք դառնալ։

Մասնավորապես, անդրադառնալով քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ առաջարկվող դրույթներին՝ պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ դրանք կարող են կիրառվել նաև բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։

«Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից: Այսօր ի՞նչ են անում․ էսօր բանտարկում են, այս Սահմանադրությամբ վաղը ոչ միայն բանտարկելու են, մի հատ էլ քաղաքացիությունից են զրկելու, որովհետև ցույցի ցանկացած այսպես մտքեր կարող են վերցնել և տեղավորել այն ձևակերպումների մեջ, որով հիմնավորում են, որ կարող են զրկել մարդուն քաղաքացիությունից»,- ասաց Խամոյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև իշխանությունների այն պնդումներին, թե ընդդիմությունն արդեն սկսել է «Ոչ»-ի քարոզարշավը՝ նշելով, որ իրենց նպատակը հանրությանը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ դիրքորոշումն ու մտահոգությունները ներկայացնելն է։

«Սա ոչ թե «Ոչ»-ի քարոզարշավ է, սա նաև այն բացատրությունն է, թե ինչու ենք մենք դեմ հանրաքվեին այս կոնտեքստում՝ արտաքին պահանջով: …Ինֆորմացիոն վակուումը միշտ լցվում է ապատեղեկատվությամբ, երբ որ դու չես խոսում, դու չես ներկայացնում իրականությունը»,- նշեց Խամոյանը։

Նա հավելեց, որ ընդդիմությունը պետք է հանրությանը ներկայացնի իր փաստարկները՝ կանխելու համար իշխանությունների կողմից այն թեզի տարածումը, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment