Դավիթ Տոնոյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նախկին նախարարից բացի մեղադրանք է առաջադրվել Նորայր Իսրայելի Յոլչյանին, այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Տոնոյանի և Յոլչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 24-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ 

Դավիթ Տոնոյանը նաև մեղադրվում է զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պետական միջոցների վատնում։

Leave a comment