Լեոն Բելառուսի ներկայացուցչից դուետով հանդես գալու առաջարկ է ստացել

Հայտնի և սիրված արտիստներ Մարտին Մկրտչյանի ու Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ 12-ամյա Լեոն, նոյեմբերի 20-ին Հայաստանը ներկայացրել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած «Մեր սերունդը 2026» (Our Generation) մանկական հեղինակային երգի միջազգային մրցույթում՝ կատարելով «Մամա» երգը։

 

Մրցույթին մասնակցել են 18 երկրների 9-16 տարեկան պատանի կատարողներ։

Լեոն, հավաքելով 347 միավոր, հաղթող է ճանաչվել մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ արժանանալով ժյուրիի ամենաբարձր գնահատականին։ Իսկ հանդիսատեսի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչը։

 

MediaHub-ի հետ զրույցում Լեո Մկրտչյանը նախ շնորհակալություն հայտնեց հայ հանդիսատեսին՝ աջակցության ու Հայաստանից հնչող ոգևորիչ խոսքերի համար։ «Երբ արժանացա պրոֆեսիոնալ ժյուրիի ամենաբարձր գնահատականին, թվում էր՝ այս ամենն իրական չէ։ Չեմ կարող նկարագրել զգացողություններս, էմոցիաներս։ Անչափ ուրախ եմ, որ Հայաստանը ներկայացրել եմ պատվով։ Իսկապես Հայաստանը հաղթեց»,- նշեց երգիչը՝ հավելելով, որ Տաշքենդում տարած հաղթանակից հետո առաջիկայում մեծ ծրագրեր են սպասվում։

 

Մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, պատմեց, որ հաղթանակից հետո Լեոն արդեն իսկ ստացել է դուետի առաջին առաջարկը։ «Հանդիսատեսի քվեարկությամբ հաղթած Բելառուսի ներկայացուցիչ Մարգո Ցինգմանի առաջարկով Լեոյի հետ սիրով կյանքի կկոչենք այդ երգը։ Նոր երգեր ևս կան, սպասվում են նոր ձայնագրություններ»,- MediaHub-ին ասաց Հռիփսիմե Հակոբյանը։

 

Լեոյի կատարած «Մամա» երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերի հեղինակը՝ Անիտա Հախվերդյանը։ Նշենք, որ Լեոն նախկինում ևս ներկայացրել է Հայաստանը միջազգային բեմում․ 2024 թվականին նա մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

 

Հունան Թադևոսյան

Leave a comment