ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը
Հպարտ քաղաքացուց մինչև ապատրիդ
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ դատարանը կկարողանա զրկել ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից։
Զրկելու հիմքերից մեկը սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններն են։ Մենք գիտենք, թե դա ինչ է նշանակում, բայց եկեք վերհիշենք, թե դա ինչ է Նիկոլ Փաշինյանի համար։
Դատական իշխանություն
2019 թվականի հոկտեմբերի 3-ին կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ «Սահմանադրական դատարանը դուրս է եկել Սահմանադրության ուղեծրից»՝ մեղադրելով Հրայր Թովմասյանին և ՍԴ կազմին սահմանադրական կարգն ու իշխանության թևերի հավասարակշռությունը խաթարելու մեջ։
Փաստացի՝ քաղաքական ճնշում, որից առաջ հայտարարել էր. «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող է չանի»։ Փաստացի՝ քաղաքական ճնշման լծակ։
Բանակ
2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում և ուղիղ եթերում հայտարարեց. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ։ Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»։
Սա ուղղված էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբին և Օնիկ Գասպարյանին, ովքեր պահանջում էին նրա հրաժարականը։ Դրան փաստացի ոչինչ չհետևեց, բացի Օնիկ Գասպարյանի կողմից դատի տալու ֆարսից։ Այսինքն՝ լուրջ մեղադրանք, որից հետո խելոք պատիվ առան վարչապետին։
Հետևություն՝ մեղադրանք քաղաքական ճնշման համար, որը որևէ հետևանք չունեցավ։ Պարզապես քաղաքական լծակ։
Քաղաքական ուժեր
2025 թվականի հունիսի 25-ին ֆեյսբուքյան գրառմամբ և ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդագրության տարածմամբ Փաշինյանն անդրադարձավ իրավապահների կողմից կանխված գործողություններին՝ դրանք բնութագրելով որպես Հայաստանը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» պլան։
Դրան գումարում ենք նաև նմանատիպ հայտարարությունները, որոնք տարբեր ժամանակներում ուղղված են եղել շարժումների և ընդդիմադիր ուժերի առաջնորդներին։
Եթե մինչ այդ սա պարզապես բանտ նետելու, կալանավորելու, հանրության մեջ ապատեղեկատվություն տարածելու, վախեցնելու փորձ էր, ապա այժմ իշխանության կողմից ցանկացած գործողություն կարող է նման որակում ստանալ, և ընդդիմադիր շարժման առաջնորդը/առաջնորդները կամ մասնակիցները կարող են զրկվել քաղաքացիությունից, ըստ այդմ՝ նաև իշխանափոխություն իրականացնելու գործիքակազմից, որի մեջ ներառված է նաև այն, որ միայն ԱԺ պատգամավորը կարող է դառնալ վարչապետ։ Սրա մասին առանձին կխոսենք։
Այս համատեքստում փաստացի տարիներ առաջ Նիկոլի կողմից հպարտ քաղաքացի կոչվածը կարող է զրկվել քաղաքացիությունից և դառնալ ապատրիդ՝ քաղաքացիություն չունեցող անձ։
Երեկ արգելում էր մեր մի շարք հայրենակիցների մուտքը Հայաստան, այսօր ցանկանում է քաղաքացիությունից զրկելու լծակ ավելացնել։ Ինչ խոսք, այդ առումով ամբողջովին նմանվում է Ադրբեջանի իշխանություններին, որտեղ նույնպես քաղաքացիությունից զրկելու և երկիր մուտք գործելու դրույթը ոչ միայն թղթի վրա է, այլև իրական կյանքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: