Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը
ՕՐԵՆՔԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ․ ինչ պետք է հասկանալ․․․
Համացանցում ապատեղեկատվություն տարածելու փոխարեն, կարելի է ևս մեկ անգամ կարդալ Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, որի համաձայն՝ մարդն ունի առավել բարենպաստ օրենքի կիրառման իրավունքը․ արարքի հանցավորությունը վերացնող կամ քրեական պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար: Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով.․․․
Այն, որ կրկին դատապարտվելն արգելվում է կամ արարքը քրեականացնող կամ պատիժը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, դա պարզ է և ակնհայտ է։
Բայց արդյոք անձի իրավական վիճակը սահմանափակվում է միայն քրեական իրավունքով։ Իհարկե՝ ոչ։ Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմը կարող է լինել քաղաքացիական, ընտանեկան, ընտրական, հողային և իրավունքի այլ ճյուղերում։
Օրինակ, ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար հողերի կոնկրետ տեսակ ինչ-որ պահից արգելվում է տրամադրել ՀՀ քաղաքացիներին, դա նշանակում է, որ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք անգամ տասնյակ տարիներ սեփականության իրավունքով տիրապետում են այդ հողը, կզրկվեն այդ հողից: Կամ, եթե նույն հիմքով օրենք ընդունվի, որ ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիական զենքի կամ այլ առարկաների, օրինակ դիզելով կամ բենզինով ավտոմեքենաների, վաճառքը տոտալ արգելվում է, բոլոր անձանցից կառգրավեն այն զենքերը կամ այդ առարկաները, որոնք օրինական գնվել են՝ անկախ անձն այդ զենքը երբևէ կիրառել է, թե՝ ոչ։ Կամ, եթե նույն հիմքով որոշվի, որ որոշակի խումբ անձանց այլևս չի տրամադրվելու ՀՀ քաղաքացիություն, ապա բոլոր ՀՀ քաղաքացիները, ովքեր կունենան նման հատկանիշ, կզրկվեն ՀՀ քաղաքացիությունից (իհարկե դա կարվի դատական կարգով, որպեսզի չխախտվի Սահմանադրության նախագծի մեկ այլ նորմ, բայց դա եղանակ չի փոխում)․․․․․ Ցանկը կարելի է շարունակել։
Հ․Գ․ Երբ 2015թ․-ին բազմաթիվ բացասական կարգավորումերով թովմասյանական Սահմանադրությունն ընդունվեց, իշխանությունն իր համար էր ստեղծում սուպերվարչապետական հանրապետություն, բայց չվայելեց այն։ Ներկայիս գալյանական Սահմանադրությունը նույն նպատակն է հետապնդում։ Բայց պետք է հիշել, ՓՈՍ ՓՈՐՈՂՆ ԻՆՔՆ Է ՓՈՍՆ ԸՆԿՆՈՒՄ․․․ Ակամա ստացվում է՝ «Անձրևից փախանք, կարկուտի տակ ընկանք»․․․․
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: