Կուսակիցները եւս անակնկալի են եկել, Ճոպանուղի՝ խցանումների դեմ, նոր գաղափար է շրջանառվում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ կորածների հարազատների հետ

«Ժողովուրդ» օրաթերթին անհետ կորածների մի քանի ծնողներ դժգոհեցին, որ նախ բոլորը չէ, որ տեղյակ են եղել նման միջոցառման մասին, բացի այդ, թույլատրվել է այդ միջոցառմանը մասնակցել միայն իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Ամեն դեպքում, մի շարք ծնողներ աբսուրդ են համարում միջոցառման ժամանակ հնչած մտքերն ու ամենևին համաձայն չեն առաջարկության հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սա հիմք ընդունելով՝ առաջարկվել է երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցած Գոռ Մուրադյանը՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահը, որը անհետ կորածի հորեղբայր է, ծնողներից Սասուն Բադոյանը և Ասյա Դանիելյանը, ըստ մի քանի ծնողների, հնարավոր է՝ տեղում համաձայնել են նման երկխոսություն ծավալելուն, միայն թե մի հույս ծնվի, որ անհետ կորածներից որևէ մեկը կգտնվի

Սակայն 6 տարի իրենց երեխաներին փնտրող ու խաբված ծնողների մեծ մասը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում կտրուկ էին արտահայտվում և դժգոհեցին, որ դա աբսուրդ է. «Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ինչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»,- Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում դժգոհեց ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը՝ որևէ դրական պրոցես չխաթարելու համար

Հիշեցնենք, որ արցախյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին՝ 2020 թվականի պատերազմից։ Եվ շուրջ 6 տարի է, ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հուսախաբ են անում ծնողներին»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։

Սակայն այս պահին խոսքը դեռևս գաղափարի մասին է։ Հայտնի չէ՝ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու, որքան է արժենալու, և ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ։

Փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն։ Միայն ասում են՝ շրջանայինից պետք է մասիվ բարձրանա։

Իհարկե, Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման ցանկացած նոր տարբերակ քննարկման արժանի է, սակայն միայն գաղափարներ շրջանառելով՝ մայրաքաղաքի խցանումները չեն վերանա։ Քաղաքացիներին անհրաժեշտ են հստակ ժամկետներ, հաշվարկներ, ֆինանսավորման աղբյուրներ և իրագործելի ծրագրեր, այլ ոչ թե հերթական խոստումնալից քննարկումը։

Այս պատմությունը հիշեցնում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման մասին տարիներ շարունակ հնչող հայտարարությունները։ 2018 թվականից ի վեր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, մետրոյի նոր կայարանի թեման պարբերաբար հայտնվում է քաղաքական և հանրային օրակարգում, քննարկվում, խոստացվում, ներկայացվում որպես Երևանի զարգացման կարևոր ծրագիր, սակայն մինչ օրս կայարանը կառուցված չէ։

Հիմա էլ Երևանի կենտրոնը Նոր Նորքին կապող ճոպանուղու գաղափարն է հայտնվել օրակարգում։ Բայց երևանցիներին նոր գաղափարներից առավել անհրաժեշտ են վերջապես կյանքի կոչվող նախագծեր»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել։

Ասացին, որ իրենք էլ են հետեւում սահմանադրագետների գնահատականներին, բացահայտումներին ու ապշած են՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել։

Ավելին, մեր աղբյուրի կարծիքով, նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն մեկ տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու եւ հանրաքվեի դնելու համար։

Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես արհամարհել են եւ նախագիծը` անգամ խոստանալուց հետո նրանց չեն ներկայացրել»։

 

Leave a comment