Հատկապես վերջին շրջանում Երևանում խցանումները ոչ միայն առավոտյան և երեկոյան պիկ ժամերին են, այլև ամբողջ օրվա ընթացքում, գրեթե ցանկացած ժամի ու ոչ միայն կենտրոնական ու գլխավոր փողոցներում:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում քննարկվում է մայրաքաղաքի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղի կառուցելու գաղափարը՝ ուղղված տրանսպորտային խցանումների նվազեցմանը։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշենք, որ հատկապես վերջին շրջանում Երևանում խցանումները ոչ միայն առավոտյան և երեկոյան պիկ ժամերին են, այլև ամբողջ օրվա ընթացքում, գրեթե ցանկացած ժամի ու ոչ միայն կենտրոնական ու գլխավոր փողոցներում:
«Այս պահին որևէ հստակություն չկա նախագծի մանրամասների վերաբերյալ, հայտնի չէ, թե կոնկրետ որտեղից որտեղ է անցնելու ճոպանուղին, քանի ուղևորի համար է նախատեսված լինելու, ինչ միջոցներով է կառուցվելու և որքան է արժենալու։ Ամենակարևորը՝ չկա անգամ պատրաստի նախագիծ, միայն նշվում է, որ այն «Շրջանայինից պետք է մասիվ բարձրանա»։ Փաստացի, քաղաքային իշխանությունը շրջանառության մեջ է դնում մի գաղափար, որի իրականացման մեխանիզմները դեռևս հստակ չեն»,- գրում է թերթը։
Պարբերականը զուգահեռներ է տարել նաև Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման շուրջ տարիներ շարունակ հնչող խոստումների հետ։ Նշվում է, որ 2018 թվականից ի վեր նոր կայարանի թեման պարբերաբար հայտնվում է օրակարգում, ներկայացվում որպես կարևոր ծրագիր, սակայն մինչ օրս կայարանը կառուցված չէ։