ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է «Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքներ. փոխկապակցվածություն և զարգացում-2026» համաժողովին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Համաժողովին նախարարը հանդես է եկել ելույթով` ընդգծելով, որ այսօր տրանսպորտային փոխկապակցվածությունը դարձել է ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևորագույն գործոն։
Նախարարը նշել է, որ այս տեսլականից ելնելով՝ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները՝ բացելով ճանապարհային, երկաթուղային և այլ կապեր՝ ապահով, արդյունավետ և փոխշահավետ պայմաններով։
«Հայաստանը հետևողական քայլեր է իրականացնում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Շարունակվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի իրականացումը, արդիականացվում են սահմանային անցակետերը, բարելավվում են մաքսային և սահմանային ընթացակարգերը, ներդրվում են թվային լուծումներ՝ միջազգային փոխադրումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում կարևոր ենք համարում նաև TRIPP՝ նախաձեռնությունը, որը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական կապերի ընդլայնման և միջազգային տարանցիկ հոսքերի զարգացման համար»,- իր ելույթում ասել է նախարարը և ընդգծել, որ մեր ընդհանուր նպատակն է ստեղծել ճանապարհներ, որոնք միավորում են երկրներն ու ժողովուրդներին՝ նպաստելով տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և կայուն համագործակցությանը։