Իրանը երբեք չի թաքցրել իր մտահոգությունները TRIPP նախագծի վերաբերյալ։ Թեև տարբեր առիթներով նշվել է, որ հայկական կողմը Թեհրանին որոշակի երաշխիքներ է տվել, իրանական կողմը շարունակում է հրապարակայնորեն արտահայտել իր անհանգստությունները։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը նշել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը իրենց կարմիր գիծն են, և թույլ չեն տա շրջանցել այն։ Նա միաժամանակ նշել է, որ պետք է դասեր քաղել Հորմուզի նեղուցի օրինակից։
Իրանագետ Գարիկ Միսակյանի խոսքով՝ դժվար է հստակ ասել, թե ինչ երաշխիքներ է Իրանը ցանկանում ստանալ Հայաստանից։
Այդուհանդերձ, ըստ նրա, Թեհրանի հիմնական մտահոգություններից մեկը կարող է լինել իր սահմանների հարևանությամբ ամերիկյան ներկայության բացառումը։
«Հավանաբար, Իրանը ցանկանում է այնպիսի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները չհայտնվեն իր սահմանների մոտ։ TRIPP նախագիծն այս փուլում տեղավորվում է նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածության համատեքստում։ Իրանական կողմը, հավանաբար, Հայաստանից փորձում է ստանալ որոշակի երաշխիքներ կամ արդեն ստացել է դրանք, սակայն հստակ ասել, թե ինչ է պահանջում Թեհրանը, բավականին բարդ է։ Մի բան ակնհայտ է՝ Իրանը բացահայտ արտահայտում է իր մտահոգությունները, ինչը կարող է նշանակել, որ պաշտոնական երկխոսության ընթացքում հայկական կողմից իր ակնկալիքները լիարժեք չեն բավարարվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գարիկ Միսակյանը։
Իսկ Հայաստանը կարո՞ղ է իրականացնել TRIPP-ը՝ չվնասելով Իրանի հետ հարաբերությունները։
Իրանագետի գնահատմամբ՝ այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ դեռևս հստակ պարզաբանումներ չկան, թե նախագծի իրականացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների և հայ-իրանական սահմանի գործունեության վրա։
«Ես հստակ տեղեկություններ կամ պարզաբանումներ չեմ լսել, թե TRIPP-ի իրականացումն ինչ է ենթադրում հայ-իրանական հարաբերությունների կամ սահմանի հնարավոր սահմանափակումների տեսանկյունից։ Կարծում եմ՝ սա նաև իրանական կողմի մտավախություններից մեկն է։ Բացի այդ, նախագծի իրականացման հստակ ժամկետներ դեռևս չկան։ Շատ բան կախված է նաև այլ զարգացումներից, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր հանգուցալուծումից և ԱՄՆ վարչակազմի հետագա քաղաքականությունից։ Հետևաբար, դժվար է ասել, թե ինչպիսի աշխարհաքաղաքական ընտրության առաջ կարող է կանգնել Հայաստանը։ Սակայն ակնհայտ է, որ երկիրը մի շարք բարդ իրավիճակների առջև է»,- նշել է նա։
TRIPP նախագիծը կարո՞ղ է ազդել Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա։ Գարիկ Միսակյանը նշում է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն արդեն իսկ լարված են, թեև կողմերը փորձում են կառավարել այդ լարվածությունը, որպեսզի չվերածվի ավելի խոր հակամարտության։
«Թուրքիայի պարագայում իրավիճակն ավելի բարդ է։ Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու փոխշահավետ համագործակցության ոլորտները բազմաթիվ են, ուստի չեմ կարծում, որ միայն TRIPP նախագիծը կարող է լուրջ խնդիր առաջացնել երկու երկրների հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, Իրանը, նրա խոսքով, Թուրքիային դիտարկում է նաև որպես աշխարհաքաղաքական մրցակից, որը կարող է դառնալ TRIPP-ի հիմնական շահառուներից մեկը»,- ասաց իրանագետը։
Գարիկ Միսակյանի խոսքով՝ Հայաստանի դերը կարևոր է նաև Իրանի մտահոգությունները փարատելու հարցում, քանի որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքով, և հենց հայկական կողմը կարող է առանցքային դեր ունենալ Թեհրանի հետ երկխոսության ու անվտանգության հարցերի պարզաբանման գործում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: