Բայրամովը չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։

Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը, կարծում եմ, պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։

Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը մասնավորապես հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական լուծում գտնելուց հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր կդառնա»։

Տեքստից ակնհայտ է, որ նա չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, այլ ընդամենը նշում է, որ դրա ստորագրումը սահմանադրական «հարցի վերջնական լուծումից» հետո հնարավոր կդառնա։ Այսինքն՝ հայտարարվում է բացառապես ստորագրման հնարավորության, այլ ոչ թե վստահաբար ստորագրելու մասին։

Այլ խոսքերով՝ ստորագրումը ներկայացվում է ոչ թե նոր սահմանադրության վերջնական ընդունումից հետո որպես արդեն համաձայնեցված հաջորդ քայլ, այլ լոկ որպես հնարավորություն։

Իսկ հնարավորությունը կարող է այդպես էլ մնալ հնարավորություն և չդառնալ իրողություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment