«Անօրինական-2026» գործողության արդյունքներով Ռուսաստանից ավելի քան 34 հազար օտարերկրացի է արտաքսվել

«Անօրինական-2026» գործողության արդյունքներով Ռուսաստանից ավելի քան 34 հազար օտարերկրացի է արտաքսվել

«Անօրինական-2026» դաշնային օպերատիվ-կանխարգելիչ գործողության արդյունքներով Ռուսաստանից արտաքսվել և վտարվել է ավելի քան 34 հազար օտարերկրյա քաղաքացի։ Դա 80%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ անցկացված համանման միջոցառումների արդյունքներով, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա տվյալներով՝ գործողության երկու փուլերի ընթացքում միգրացիոն օրենսդրության շուրջ 143 հազար խախտում է հայտնաբերվել։ Դրանցից ավելի քան 100 հազարը կապված է եղել Ռուսաստան մուտք գործելու, երկրից դուրս գալու, երկրում գտնվելու և տարանցիկ երթևեկության կանոնների հետ։ Եվս շուրջ 40 հազար խախտում վերաբերել է օտարերկրացիների աշխատանքային գործունեության իրականացման կարգին։ 

Բացի դրանից, իրավապահ մարմինները միգրացիայի ոլորտում շուրջ 4200 քրեական գործ են հարուցել և հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող 549 անձի։

Գործողությանը մասնակցել են ՆԳՆ-ն, ԱԴԾ-ն և Ռոսֆինմոնիթորինգը։ Միջոցառումներն անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցությամբ։

Ավելի վաղ՝ հուլիսի 6-ին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ պատգամավորները նախատեսում են քննարկել Ռուսաստանից ներգաղթյալների արտաքսման հիմքերի ցանկն ընդլայնելու մասին օրինագիծը։ Առաջարկվող հիմքերի թվում են տարբեր հատկանիշներով խտրականությունը և պետական սահմանի պահպանության ժամանակ զինծառայողին չենթարկվելը։

Leave a comment