Նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը գիշերային երկինքը կլուսավորի այսպես կոչված «Բոբրային սուպերլուսինը», որի ժամանակ Լուսինը կթվա սովորականից ավելի մեծ և պայծառ։ Նոյեմբերյան լիալուսինն ավանդաբար հայտնի է որպես «Բոբրային Լուսին», ինչը կապված է տարվա այն շրջանի հետ, երբ կուղբերը պատրաստվում են ձմռանը՝ պատնեշներ կառուցելով և կեր պաշարելով։ Սուպերլուսինը, կամ տեխնիկական անվամբ՝ պերիգեյային լիալուսինը, առաջանում է այն ժամանակ, երբ Լուսինը գտնվում է Երկրին իր ամենամոտ կետում՝ էլիպսաձև ուղեծրի պատճառով։ Այդ դեպքում այն կարող է երևալ մինչև 14 տոկոսով ավելի մեծ և մինչև 30 տոկոսով ավելի պայծառ՝ համեմատած ապոգեյում գտնվող լիալուսնի հետ։
Սուպերլուսինը կարելի է դիտել պարզ երկնքում՝ առանց որևէ հատուկ սարքավորման, ցանկալի է բաց տարածքում կամ բարձրադիր վայրում, օրինակ՝ բլրի գագաթին։ Աստղագետների դիտարկմամբ՝ հորիզոնին մոտ գտնվելիս Լուսինն առհասարակ ավելի մեծ է թվում «լուսնային պատրանքի» պատճառով, որը սուպերլուսնի ժամանակ ավելի նկատելի է դառնում։ Միացյալ Թագավորության Հարթֆորդշիրի համալսարանի աստղագետ Ուիլյամ Օլսթոնի խոսքով՝ այդ տեսողական երևույթն ավելի ընդգծված է դառնում հենց սուպերլուսնի ընթացքում։ Մասնագետները խորհուրդ են տալիս երևույթին հետևել Լուսնի ծագման ու մայր մտնելու ժամանակ, երբ այն ցածր է հորիզոնի վրա. Արևմտյան Եվրոպայի մեծ մասում Լուսնի ծագումն այսօր ակնկալվում է 16:00-ից 17:00-ի միջակայքում, իսկ երևույթը տպավորիչ կլինի ողջ գիշեր և նոյեմբերի 26-ին։
Սուպերլուսնային շրջանները հաճախ տեղի են ունենում շարքերով, քանի որ անոմալիստիկ ամիսը սինոդիկ ամսից կարճ է ընդամենը մոտ երկու օրով։ Այս երևույթը 2026 թվականի նախավերջին սուպերլուսինն է, իսկ տարվա վերջինը սպասվում է դեկտեմբերի 24-ին՝ բազմաթիվ եվրոպական երկրներում Սուրբ Ծննդյան ճրագալույցին, որին կհաջորդեն 2027 թվականի հունվարի 22-ի և փետրվարի 20-ի սուպերլուսինները։ Գրինվիչի թագավորական թանգարանների տվյալներով՝ սուպերլուսնի ժամանակ Լուսնի ձգողականության ուժը փոքր-ինչ մեծանում է, ինչը մակընթացությունների բարձրության տարբերություն է տալիս ընդամենը մի քանի սանտիմետրի սահմաններում, մինչդեռ լիալուսնի ու նորալուսնի շրջանում Արեգակի և Լուսնի ձգողության համադրմամբ առաջանում են առավել բարձր՝ սիզիգիային մակընթացություններ։ ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափին «Բոբրային սուպերլուսինը» կարող է առաջացնել բարձր մակընթացություններ, գերազանցել 40-ամյա ռեկորդները և հեղեղել ցածրադիր ափամերձ հատվածները՝ դժվարացնելով Գոհաբանության օրվա շաբաթվա ուղևորությունները, իսկ Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում, ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության օդերևութաբան Դայլ Հոանգի գնահատմամբ, երեքշաբթի մակընթացությունները կարող են սովորականից գրեթե մեկ մետր բարձր լինել և գագաթնակետին հասնել չորեքշաբթի։