«Հայկական ավիաուղիները» վերջնականապես դադարեցնում է գործունեությունը և հեռանում շուկայից
«Հայկական ավիաուղիները» վերջնականապես հեռանում է Հայաստանի ավիաշուկայից։ 2021 թվականին հիմնադրված մասնավոր ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը՝ չնայած այս աշնանը թռիչքները վերսկսելու ծրագրերին։ Ընկերությունը 2025 թվականի ապրիլից արդեն չի իրականացնում չվերթներ, իսկ այս տարի նախատեսում էր Boeing 737-800 ինքնաթիռներով թռիչքներ սկսել դեպի Մոսկվա, Ուֆա և Կազան։ Հոկտեմբերի վերջին ղեկավարությունը աշխատակիցներին հայտնել է, որ վառելիքի բարձր գների պատճառով թռիչքները տնտեսապես ձեռնտու չեն։ Նոյեմբերի 12-ին ընկերության միակ ինքնաթիռը Հայաստանից տեղափոխվել է Թուրքիա, իսկ նոյեմբերի 18-ին հանվել է հայկական օդանավերի ռեգիստրից։ Այժմ ընկերությունը պատրաստվում է հրաժարվել նաև օդանավ շահագործողի վկայականից։
Հայաստանը՝ ռուսական բուսական ըմպելիքների խոշորագույն գնորդների հնգյակում
Հայաստանը Ռուսաստանից կաթին փոխարինող բուսական ըմպելիք գնող երկրների հնգյակում է։ Հայաստան է մատակարարվել ավելի քան 180 հազար դոլարի արտադրանք։ Այս տարվա առաջին ինն ամիսներին Ռուսաստանն ընդհանուր առմամբ արտահանել է ավելի քան 4 հազար 200 տոննա բուսական ըմպելիք, որը գերազանցում է 5 միլիոն դոլարը։ Նախորդ տարվա նույն շրջանի համեմատ արտահանման ծավալն աճել է 11, իսկ արժեքը՝ 16 տոկոսով։ Բուսական ըմպելիքները, ըստ մասնագետների, Հայաստան կարող են հասնել նաև քաղաքացիների անհատական պատվերներով։ Նկատում են, որ ռուսական բուսական ըմպելիքները Հայաստանում կարող են գնային առավելություն ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից ներմուծվող արտադրանքի նկատմամբ։
Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել
Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր: «Այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է, որ մենք է՛լ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: «Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել՝ հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը»,- ասել է Ռումինիայի նախագահը: Նա նշել է, որ հայկական համայնքը էական կարևորություն ունի Ռումինիայի պատմության, սոցիալ-մշակութային կյանքում:
Գերմանիայում հարձակում է տեղի ունեցել «Կանաչներ» կուսակցության գրասենյակի վրա. կան տուժածներ
Դիմակավորված անձը ներխուժել է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի Շվերտե քաղաքում գտնվող «Կանաչներ» կուսակցության գրասենյակ և հարձակվել քաղաքական գործիչներից մեկի վրա։ Միջադեպի հետևանքով տուժել է երեք մարդ։ Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել գրասենյակում խմբակցության նիստի ժամանակ, լրատվամիջոցի տեղեկություններով՝ շենքում եղել է ավելի քան մեկ տասնյակ մարդ։ Հարձակվողն ունեցել է դյուրակիր կրակմարիչ, սակայն թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, ինչ վնասվածքներ են ստացել տուժածները, դեռևս պարզ չէ։ Հայտնի է, որ տուժածները հիվանդանոցներում են։ Հարձակման մեջ կասկածվողը փախել է, հարձակման պատճառը դեռ հայտնի չէ։
Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապերի մասին
Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Միջազգային Կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարների և Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունների քննարկման համար։ Նրա համոզմամբ՝ կոնգրեսը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև կայուն զարգացման ապահովմանը։