Վաշինգտոնը պատրաստվում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանից, Եվրամիությունից և տասնյակ այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար․ հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներ։
Առևտրային նոր միջոցառումների մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ։
Հետաքննության արդյունքները նախատեսվում է ներկայացնել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրի կողմից։ Բացի Չինաստանից և Եվրամիության անդամ 27 պետություններից, մաքսատուրքերի բարձրացումը կարող է ազդել նաև Ճապոնիայի և Հարավային Կորեայի վրա։
Այնուամենայնիվ, այս նոր միջոցառումների հայտարարման ժամկետները դեռ կարող են փոխվել։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պարագայում կանխատեսվում է ավելի բարձր դրույքաչափ՝ համեմատած շատ այլ երկրների հետ, քանի որ ԱՄՆ իշխանությունները չինական սուբսիդիաները համարում են հատկապես ծավալուն և գլոբալ տնտեսությունը աղավաղող։
ԵՄ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան. այս երկրների համար, որոնք Թրամփի վարչակազմի հետ առևտրային համաձայնագրեր էին կնքել դեռևս մինչև Գերագույն դատարանի որոշումը, վերջնական դրույքաչափը, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանի գործող պայմանավորվածություններին՝ կազմելով մոտավորապես 15% կամ ավելի քիչ։
Վիետնամ և Հնդկաստան – դրույքաչափերը կարող են ավելի բարձր լինել՝ կախված Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրերի կոնկրետ պայմաններից։
Հետագա բարձրացումների հնարավորություն. ծրագրերը կարող են ներառել մաքսատուրքերի հետագա բարձրացման տարբերակը, եթե տվյալ երկրներում արդյունաբերական արտադրական հզորությունների ավելցուկը սրվի, կամ եթե այդ երկրները ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների ընթացքում չփոխեն իրենց քաղաքականությունը։
Հուլիսյան միջոցառումների հետ համակցված ազդեցությունը. այս նոր տուրքերը, հավանաբար, կկիրառվեն ի լրումն այն 10–12,5% մաքսատուրքերի, որոնք հուլիսին սահմանվել էին 60 տնտեսությունների նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների դեմ բավարար միջոցներ չձեռնարկելու պատճառով (այս միջոցառումը ներկայումս վիճարկվում է դատարանում)։