Ուկրաինայի նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում հաստատել է, որ «Սպարտա II» նավի վրա հարձակման հետևում կանգնած են ուկրաինացի զինվորականները։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ նավն «օրինական ռազմական թիրախ» էր, քանի որ զենք էր տեղափոխում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը շաբաթ հայտնել էին, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական առևտրային նավի վրա Գոգլանդ կղզուց արևմուտք՝ Ֆիննական ծոցի արևելյան հատվածի չեզոք ջրերում։ Ուկրաինայի իշխանությունները մինչև այսօր չէին մեկնաբանել չորանավի վրա հարձակումը։
«Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Ռուսական դրոշի ներքո նավարկող ցանկացած նավ, այն ամենը, ինչ զենք կամ պատժամիջոցների տակ գտնվող բեռներ է տեղափոխում, որոնց մեջ կարող է Աստված գիտի՝ ինչ լինել, մեզ համար օրինական թիրախ է ինչպես Ռուսաստանի տարածքային ջրերում, այնպես էլ չեզոք ջրերում»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ հարվածը հասցվել է Ռուսաստանի տարածքային ջրերում, որից հետո հրդեհված նավը սկսել է հոսանքով շարժվել դեպի Ֆինլանդիայի ափերը։
Զելենսկին նշել է, որ հարձակումը «տարբեր արձագանքների» է արժանացել, քանի որ «եվրոպացի որոշ գործընկերներ մտահոգված են Բալթիկ ծովում տեղի ունեցող իրադարձություններով»։ Նրա խոսքով՝ ինքը նախարարներին և զինվորականներին հանձնարարել է «ավելի ակտիվ համագործակցել գործընկերների հետ, որպեսզի նրանք բավարար տեղեկություններ ունենան և անակնկալների առաջ չկանգնեն»։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Բալթիկ ծովում ռուսական նավի վրա հարձակումը հանգեցնում է «տարածաշրջանում լարվածության սրմանը»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև կոչ էր արել Բալթյան երկրներին «օգտագործել Ուկրաինայի վրա ունեցած իրենց ազդեցությունը»՝ նման միջադեպերը կանխելու համար։
Ռուսաստանի իշխանությունների պնդմամբ՝ նավը ներկանյութեր և լաք էր տեղափոխում։ Երկուշաբթի Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ «Սպարտա II» նավն անձնակազմի հետ վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի