Զեկույց․ Ադրբեջանն ավերում է հայկական բնակավայրերը՝ խոչընդոտելով արցախցիների վերադարձը

Արցախում հայկական բնակավայրերի, բնակելի թաղամասերի և պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ Ադրբեջանը բռնի տեղահանված արցախցիներին զրկում է հայրենիք վերադառնալու և համայնքային կյանքը վերականգնելու հնարավորությունից։ Այդ մասին ասվում է երեք հասարակական կազմակերպությունների համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցում, որի հրապարակման մասին հայտնել է «Արցախ միությունը»:

Զեկույցը պատրաստվել է «Արցախ միության», «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։

Ուսումնասիրության հեղինակներն արձանագրել են հայկական պատմամշակութային հուշարձանների ավերման և ձևափոխման, ինչպես նաև ամբողջ բնակավայրերի հիմնահատակ ոչնչացման բազմաթիվ դեպքեր այն տարածքներում, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո, գրում է Sputnik Արմենիան:

Փաստահավաք աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են համացանցում հասանելի լուսանկարներն ու տեսագրությունները, միջազգային լրատվամիջոցների հետաքննությունները, ինչպես նաև տարբեր ժամանակներում ստացված արբանյակային պատկերները։

Հետազոտության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրին, որի շրջանակում, հեղինակների գնահատմամբ, հայկական բնակավայրերն ապօրինաբար վերաբնակեցվում են։ Փաստագրված տվյալների համաձայն՝ որոշ բնակավայրերում հայկական բնակելի տների քանդումից հետո դրանց տեղում նոր կառույցներ են հայտնվում, իսկ այլ վայրերում ամբողջությամբ ոչնչացվում են բնակելի թաղամասեր։

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ իրականացվող գործողությունները հանգեցնում են ոչ միայն սեփականության իրավունքի խախտման, այլև բռնի տեղահանված արցախցիների վերադարձի համար անհրաժեշտ նյութական պայմանների վերացման։ Հոգևոր ու պատմամշակութային արժեքների ոչնչացումն իր հերթին սպառնալիք է ստեղծում ազգային ինքնության, համայնքային հիշողության և ավանդույթների պահպանման համար։

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների այդ խախտումներն ու հանցագործությունները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի, այլև հենց արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով։

Ուսումնասիրությունն իրականացրած կազմակերպությունների համոզմամբ՝ վերադարձի իրավունքի լիարժեք իրականացումը չի ենթադրում միայն հայրենիք վերադառնալու հնարավորություն։ Անհրաժեշտ է նաև իրական երաշխիքներ ապահովել արցախցիների՝ իրենց բնակավայրերում ապրելու, ազգային ինքնությունը պահպանելու և համայնքային կյանքը վերստեղծելու համար։

Հասարակական կազմակերպությունները միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին հորդորել են հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հայկական սեփականության և պատմամշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու, դրանց պահպանությունն ու հասանելիությունն ապահովելու, ինչպես նաև արցախցիների՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու իրավունքը պաշտպանելու ուղղությամբ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment