«Գլոբբինգի» բողոքը «Մովատոյի» սակագների դեմ․ Ինչ է կատարվել օնլայն գնումների առաքման շուկայում

Հոկտեմբերի 19-ին «Մովատո» միջազգային առաքման ընկերությունը պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Հայաստանում։ Համացանցում հասանելի տեղեկությունների համաձայն՝ «Մովատոն» ներկայացված է նաև Ղազախստանի և Կիպրոսի շուկաներում։

Հայկական շուկա մուտք գործելով՝ ընկերությունը սպառողներին առաջարկել է միջազգային առաքման մատչելի սակագներ։ Մասնավորապես, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից և Հարավային Կորեայից օդային առաքման համար սահմանված էին համապատասխանաբար 3900 դրամ/կգ, իսկ Չինաստանից՝ 5900 դրամ/կգ սակագները։

Սակայն, ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն, գործունեության մեկնարկից ընդամենը 3 օր անց՝ հոկտեմբերի 22-ին, «Մովատո» ՓԲԸ-ն ծանուցում է ստացել, որ «Գլոբբինգ» ապրանքանիշի ներքո գործող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ն ընկերության դեմ հաղորդում է ներկայացրել ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

Արդյունքում Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում կիրառվել է միջանկյալ միջոց, որի համաձայն «Մովատոն» պարտավորեցվել է դադարեցնել գործող գնային քաղաքականությունը և վերանայել առաքման սակագները։

Որոշումը բողոքարկվել է դատարանում, սակայն ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հանձնաժողովի միջանկյալ որոշումը պարտադիր է կատարման նույնիսկ մինչև դատարանի որոշման կայացումը:

Արդյունքում՝ նախքան վարույթի ավարտը, Հանձնաժողովի պահանջով «Մովատոյին» պարտադրվել է սահմանել ավելի բարձր սակագներ՝ «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ և «Օնէքս» ՍՊԸ ընկերությունների կողմից յուրաքանչյուր ուղղության համար սահմանված գների՝ միջին թվաբանական գնի չափով՝ 5% շեղման հնարավորությամբ:

Այսպիսով, առաքման սակագներն աճում են մոտ 29-46%-ով՝ կազմելով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից 5700 դրամ/կգ՝ նախկին 3900 դրամ/կգ փոխարեն, Չինաստանից՝ 7600 դրամ/կգ՝ նախկին 5900 դրամ/կգ փոխարեն, Հունաստանից՝ 3900 դրամ/կգ՝ առանց փոփոխության, քանի որ «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ և «Օնէքս» ՍՊԸ չեն տրամադրում Հունաստանից օդային առաքման ծառայություն։

2026-ի գարնանը «Գլոբբինգ» ընկերությունն ԱՄՆ-ից և Չինաստանից օդային առաքման համար առաջարկում էր հատուկ՝ 3800 դրամ/կգ սակագին, որն ավելի ցածր էր, քան «Մովատոյի»՝ ամիսներ անց ներկայացրած նոր շուկայում մեկնարկային գինը։

Բաց աղբյուրներում հասանելի տվյալների համաձայն՝ առաքման շուկայում այսօր ևս առկա են «Մովատոյի» մեկնարկային գներին համարժեք առաջարկներ։ Մասնավորապես՝ «Շիպէքս» ընկերությունն ամիսներ շարունակ (մինչև նոյեմբերի 20-ը) առաջարկում էր ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից առաքման համար 3900 դրամ/կգ սակագինը, «Հայբայզ» ընկերությունն առաջարկում է Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի համար՝ 3900 դրամ/կգ և ԱՄՆ-ի ու Գերմանիայի համար 4900 դրամ/կգ սակագինը, PAM ընկերությունը՝ Չինաստանից 5888 դրամ/կգ սակագինը և այլն:

«Մովատոյից» նշում են՝ հանրային դժգոհության կենտրոնում ոչ միայն գներն են, այլև սպառողների ավելի մատչելի տարբերակից օգտվելու իրավունքի փաստացի սահմանափակումը:

Ըստ ընկերության պաշտոնական հայտարարության՝ կիրառված միջանկյալ միջոցը դատարանում բողոքարկվել է և այն շարունակում է իր դիրքորոշումը պաշտպանել օրենքով սահմանված ընթացակարգերով։

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հանձնաժողովի միջանկյալ միջոցի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը։ Հետևաբար, ընկերությունն այժմ պարտավոր էր կիրառել վերանայված սակագները՝ առանց բողոքարկման արդյունքին սպասելու։ Միջանկյալ միջոցը կիրառվել է մինչև վարույթի ավարտը և չի հանդիսանում գործի վերաբերյալ վերջնական որոշում։

Leave a comment