Քաղաքականություն
24.11.2026 | 18:04
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռքբերումները։
Հանդիպմանը նշվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա կայունության կարևորությունը, ընդգծվել Ադրբեջանի և Վրաստանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի կայուն միջավայրի դերը երկրների զարգացման գործում։
Գոհունակությամբ նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակության ավելացումը, ընդգծվել այս տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև Ադրբեջանի և Վրաստանի համատեղ իրականացրած՝ տրանսպորտային և այլ ոլորտներում փոխկապակցվածության ապահովման տարբեր նախագծերի նշանակությունը։
Ալիևն ընդգծել է տարածաշրջանային հարցերում հետևողականորեն ներառական մոտեցման կարևորությունը։ Այս համատեքստում նշվել է, որ Ադրբեջանի և Վրաստանի համատեղ ջանքերով տարածաշրջանում իրականացվող Միջին միջանցքի նախագիծն արդեն գործում է, իսկ այդ երթուղով փոխադրումների ծավալներն անընդհատ աճում են։
Ընդգծվել է վերջերս ստորագրված՝ «Ադրբեջանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքուր էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի», ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի կարևորությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի