Չինական Xiaomi Corp. ընկերությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում արձանագրել է զուտ շահույթի կտրուկ անկում՝ սմարթֆոնների պահանջարկի թուլացման և Չինաստանի ավտոմոբիլային շուկայի աճի դանդաղման ֆոնին։
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության զուտ շահույթը նվազել է ավելի քան երեք անգամ՝ կազմելով 3.88 մլրդ յուան (582 մլն դոլար), մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն կազմում էր 12.26 մլրդ յուան։
Xiaomi-ի եռամսյակային հասույթը նվազել է 5%-ով՝ նախորդ տարվա 113.12 մլրդ յուանից հասնելով 107.24 մլրդ յուանի։
Visible Alpha-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսման համաձայն՝ ընկերության զուտ շահույթը պետք է կազմեր 4.97 մլրդ յուան, իսկ հասույթը՝ 106.92 մլրդ յուան։
Սմարթֆոնների, իրերի ինտերնետի (IoT) և կենցաղային էլեկտրոնիկայի հատվածում Xiaomi-ի հասույթը նվազել է 0.9%-ով՝ կազմելով 83.36 մլրդ յուան։ Սմարթֆոնների վաճառքից ստացված եկամուտը նվազել է 0.8%-ով՝ հասնելով 45.58 մլրդ յուանի։ Սմարթֆոնների մատակարարումների ծավալը կրճատվել է 20%-ով՝ կազմելով 30.7 մլն միավոր, մինչդեռ մեկ սարքի վաճառքի միջին գինը նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով։
Էլեկտրամոբիլների, արհեստական բանականության և նոր ուղղությունների հատվածում հասույթը նվազել է 17.7%-ով՝ կազմելով 23.9 մլրդ յուան։ Էլեկտրամոբիլների վաճառքից ստացված եկամուտը կրճատվել է 19.9%-ով՝ հասնելով 22.7 մլրդ յուանի։
Անցած եռամսյակում համախառն շահութաբերության մարժան նվազել է՝ նախորդ տարվա 22.9%-ից հասնելով 20.2%-ի։ Դա պայմանավորված է բաղադրիչների ինքնարժեքի աճով և վաճառքների նվազմամբ։
Երրորդ եռամսյակում Xiaomi-ի հետազոտությունների և մշակումների (R&D) ծախսերը կազմել են 9.2 մլրդ յուան։ Տարեսկզբից այդ նպատակով ընկերությունը ծախսել է 27.4 մլրդ յուան, ինչը տարեկան կտրվածքով 16.5%-ով ավելի է։