Փաշինյան․ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների առանցքային գործընկերներից է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Եվրամիության հետ կապերի զարգացումը լրացուցիչ և առանցքային խթան է Հայաստանի ժողովրդավարության զարգացման ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։

Նա նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների առանցքային գործընկերներից է, հայտնում է 1lurer.am-ը:

«ԵՄ-ն, այո՛, խաղաղության տարածք է, բայց նաև ժողովրդավարության տարածք է, ԵՄ-ն խոսքի ազատության տարածք է և ժողովրդավարական մյուս արժեքների։

Մեզ համար շատ կարևոր խթան և ուղենիշ է, որպեսզի համոզվենք, ժամանակ առ ժամանակ ստուգելու հնարավորություն ունենանք, որ մեր ժողովրդավարական բարեփոխումներն ընթանում են ճիշտ ճանապարհով, ճիշտ ուղղությամբ։

Ընդ որում՝ անկախությունից ի վեր ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հարցով ամենակարևոր գործընկերներից է եղել և շարունակում է այդպիսին մնալ»,– ասել է Փաշինյանը։

Հայաստանն ու Ռումինիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այսօր Բուխարեստում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment