Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը բնութագրել է որպես «պատմական փոփոխություն»։ Թուրք դիվանագետն ընդգծել է, որ նախագծից հանվել է Թուրքիայի հետ հարաբերություններում տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպումը, հայտնում է «Ազատությունը»:
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. հանվել է այն ձևակերպումը, որը տարաձայնությունների տեղի էր տվել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման հարցում»,- գրել է Քըլըչը՝ X սոցիալական հարթակում տարածելով թուրքական Sabah պարբերականի հրապարակումը։
Ավելի վաղ՝ 2025-ի ապրիլին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում, պատասխանելով ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցերին, Սերդար Քըլըչը նշել էր, որ դա Հայաստանի ներքին գործն է, և միայն հայ ժողովուրդն ու Հայաստանի ինստիտուտներն են որոշելու, թե երբ և ինչպես իրականացնել այդ գործընթացը։
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։
Եթե Բաքուն խնդրահարույց է համարում Անկախության հռչակագրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակումը, ապա Անկարայի դժգոհության առիթ է այն, որ փաստաթղթում ամրագրվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու ձևակերպումը:
Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանի իշխանությունը Սահմանադրությունը փոխում է Բաքվի ու Անկարայի պահանջով, և մերժում է տրամադրել այն հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 6 ձայնը: Իշխանությունը պնդում է՝ Մայր օրենքը փոխելն իր ներքին օրակարգն է։