Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկից հետո Իրանից հնչել է հերթական կոշտ հայտարարությունը։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը նախագծի վերաբերյալ գրառում է կատարել «X» սոցիալական ցանցում՝ այն փաստացի դիտարկելով Իրանի աշխարհաքաղաքական շահերին ուղղված մարտահրավեր։
««Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե TRIPP-ը (այսպես կոչված՝ Զանգեզուրը)։ Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա շրջանցել դրանք։ Դասեր քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,- գրել է Մոխբերը։
Հատկանշական է ոչ միայն հայտարարության բովանդակությունը, այլև դրա հրապարակման ժամանակը։ Մոխբերը գրառումն արել է նոյեմբերի 23-ին՝ TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական ուղերձներից հետո։ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքում մեկնարկում են նախագծի նախապատրաստական շինարարական աշխատանքները, իսկ Թրամփը ողջունել էր դրա մեկնարկը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Վելայաթիից հետո TRIPP-ի վերաբերյալ կոշտ դիրքորոշում է արտահայտել նաև իրանական համակարգի մեկ այլ ազդեցիկ ներկայացուցիչ՝ Մոհամմադ Մոխբերը։ Ոսկանյանը հատկապես ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան իր հայտարարության մեջ TRIPP-ը համեմատել է Հորմուզի նեղուցի հարավային՝ Օմանի ափերին մոտ անցնող երթուղու հետ, որտեղ Իրանը պարբերաբար թիրախավորում է նավերը։
Իրանագետի խոսքով՝ ուշագրավ է, որ նման մակարդակի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է հենց նախագծի գործնական մեկնարկի օրը՝ Հայաստանից և ԱՄՆ-ից հնչած պաշտոնական ուղերձներից հետո։
Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ևս ավելի վաղ կոշտ հայտարարություններ էր արել TRIPP-ի վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես Իրանի շահերին սպառնացող նախաձեռնություն և զգուշացնելով Թեհրանի կարմիր գծերը հատելու հետևանքների մասին։