ՆԳ նախարար. Արցախցիների անձնագրերում «Ադրեջան» է նշվել՝ հաշվի առնելով ICAO-ի պահանջները

Անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը, հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ արցախցիների անձնագրերում «ծննդավայր» դաշտում «Ադրբեջան» գրվեց։

Նա նշել է, որ ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ խորհրդատվությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

«ICAO-ն ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի լրացման կանոնակարգը նախատեսվում է, և «ծննդավայր» դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր․ կարող ես պետություն նշել, կարող ես քաղաք կամ բնակավայր։

Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները, հընթացս տարբեր իրավիճակներում տարբեր պետությունների համար ծագած խնդիրները և որոշել ենք նշել պետությունը, այլ ոչ կոնկրետ քաղաքը, որովհետև քաղաքների կրկնությունների կամ միջազգային ստանդարտներում նշվածս չլինելու պատճառով կարող են սահմանին խնդիրներ առաջանալ»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջնորդվում է միջազգային ստանդարտներով, և այս դեպքում կամարտահայտություն չի կարող լինել, այսինքն՝ չի կարող որևէ մեկն ասել, թե չի ցանկանում, որ «ծննդավայր» դաշտում այս կամ այն բանը գրվի։

Սարգսյանի խոսքով՝ անգամ եթե պետությունը գնար բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ցանկերում հնարավոր չէր լինելու արցախյան բնակավայրերը գտնել հայկական տեղանուններով։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին պարզաբանել էր, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։

Գերատեսչությունը հայտնել էր նաև, որ տարբեր երկրների սահմանային վերահսկողության մարմիններից հին նմուշի անձնագրերում առկա գրառումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացել, ինչի պատճառով նոր կենսաչափական համակարգում միասնական մոտեցում է սահմանվել։

Leave a comment