Պենտագոնը ԱԹՍ արտադրելու թեմայով բանակցություններ է վարում Ford-ի և «General Motors»-ի հետ․ WSJ

ԱՄՆ պատերազմի նախարարությունը բանակցություններ է վարում ավտոարտադրող հսկաներ Ford և «General Motors» ընկերությունների հետ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), այդ թվում՝ մարտական ​​անօդաչուների հնարավոր արտադրության շուրջ։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։

Ըստ հրապարակման՝ Պենտագոնը դիտարկում է ավտոարտադրողների արտադրական կարողությունների օգտագործումը անօդաչու սարքեր պատրաստելու համար՝ սկսած հետախուզական մոդելներից մինչև մարտական ​​նշանակության միավորներ։ Քննարկումներին ծանոթ աղբյուրները նշել են, որ հնարավոր համաձայնագրի շրջանակներում ընկերությունները կմատակարարեն անհրաժեշտ բաղադրիչները։

Օրինակ՝ «General Motors»-ը կարող է զբաղվել անօդաչու սարքերի համար շարժիչների արտադրությամբ։ Պենտագոնի գնահատականով՝ ռազմական անօդաչու սարքերի շուկայի ծավալը կազմում է 20-ից 30 միլիարդ դոլար. մի ցուցանիշ, որը կարող է գրավիչ լինել ավտոարտադրողների համար։

WSJ-ը նշել է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են, և որևէ պաշտոնական համաձայնագիր դեռ ձեռք չի բերվել։ Աղբյուրները հավելել են, որ ավտոարդյունաբերության ներկայացուցիչների արձագանքը միանշանակ չէ. ոմանք մտահոգություն են հայտնում, որ նման նախագիծը դուրս է գալիս իրենց հիմնական գործունեության շրջանակներից և կարող է վնասել ընկերությունների գործարար համբավը։

Հունիսին ամերիկյան պաշտպանական «Lockheed Martin» ընկերությունը GM-ի հետ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել՝ ռազմական նշանակության սարքավորումների համատեղ արտադրության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։

Leave a comment