ԱՄՆ պատերազմի նախարարությունը բանակցություններ է վարում ավտոարտադրող հսկաներ Ford և «General Motors» ընկերությունների հետ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), այդ թվում՝ մարտական անօդաչուների հնարավոր արտադրության շուրջ։ Այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Ըստ հրապարակման՝ Պենտագոնը դիտարկում է ավտոարտադրողների արտադրական կարողությունների օգտագործումը անօդաչու սարքեր պատրաստելու համար՝ սկսած հետախուզական մոդելներից մինչև մարտական նշանակության միավորներ։ Քննարկումներին ծանոթ աղբյուրները նշել են, որ հնարավոր համաձայնագրի շրջանակներում ընկերությունները կմատակարարեն անհրաժեշտ բաղադրիչները։
Օրինակ՝ «General Motors»-ը կարող է զբաղվել անօդաչու սարքերի համար շարժիչների արտադրությամբ։ Պենտագոնի գնահատականով՝ ռազմական անօդաչու սարքերի շուկայի ծավալը կազմում է 20-ից 30 միլիարդ դոլար. մի ցուցանիշ, որը կարող է գրավիչ լինել ավտոարտադրողների համար։
WSJ-ը նշել է, որ բանակցությունները դեռ նախնական փուլում են, և որևէ պաշտոնական համաձայնագիր դեռ ձեռք չի բերվել։ Աղբյուրները հավելել են, որ ավտոարդյունաբերության ներկայացուցիչների արձագանքը միանշանակ չէ. ոմանք մտահոգություն են հայտնում, որ նման նախագիծը դուրս է գալիս իրենց հիմնական գործունեության շրջանակներից և կարող է վնասել ընկերությունների գործարար համբավը։
Հունիսին ամերիկյան պաշտպանական «Lockheed Martin» ընկերությունը GM-ի հետ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել՝ ռազմական նշանակության սարքավորումների համատեղ արտադրության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով։