Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին պաշտոնանկ է արել անվտանգության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ պետական «Հյուսիսային նավթային ընկերությունից» (North Oil Company) նավթի հափշտակման դեպքի առնչությամբ անցկացված հետաքննությունից հետո։ Այս մասին ասվում է Իրաքի կառավարության տարածած հայտարարության մեջ։
«Առաջնորդվելով անբաժանելի ինքնիշխանության սկզբունքով և գիտակցելով Իրաքի բնական պաշարների պաշտպանության կենսական կարևորությունը՝ վարչապետը հրահանգել է ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված մաքսանենգության բոլոր ձևերի վերացմանը», – նշված է հայտարարության մեջ։
Վարչապետը հրամայել է պաշտոնից ազատել Սահմանային անցակետերի վարչության ղեկավարին, օպերատիվ հրամանատարության հրամանատարին և Քիրքուք նահանգի ոստիկանապետին, ինչպես նաև ՆԳՆ էներգետիկ ոստիկանության վարչության (ստորաբաժանում, որը պատասխանատու է նավթային և գազային ենթակառուցվածքների անվտանգության համար) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
Բացի այդ, կառավարության ղեկավարը ժամանակավորապես դադարեցրել է «Հյուսիսային նավթային ընկերության» գլխավոր տնօրենի և նրա տեղակալների լիազորությունները՝ մինչև հափշտակությունների վերաբերյալ հետաքննության ավարտը։ Ալ-Զաիդին նաև հանձնարարել է աուդիտ անցկացնել նավթի վաճառքի գործող պայմանագրերի նկատմամբ։ Նա հրահանգել է խախտումների վերաբերյալ ապացույցները փոխանցել դատական մարմիններին, ինչպես նաև վերանայել նավթի մատակարարման բոլոր գործող պայմանագրերը։
«Աշարք ալ-Աուսաթ» թերթի տվյալներով՝ մայիսից ի վեր Իրաքում նավթային ոլորտի մոտ 70 պաշտոնյա է ձերբակալվել նավթի գողության և մաքսանենգության հետ կապված գործերի շրջանակներում։ Այս շաբաթվա սկզբին իրաքյան դատարանը կարգադրել է ձերբակալել ոստիկանության աշխատակիցների՝ Զի Քար և Բասրա նահանգների վարչական սահմանագծով անցնող նավթամուղից նավթի գողության և մաքսանենգության դեպքերի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2003 թվականից ի վեր Իրաքը նավթի գողության և նավթամուղներին հասցված վնասների հետևանքով ավելի քան 150 միլիարդ դոլարի կորուստ է կրել։ Նախկինում այս հանցագործությունների մեջ ներգրավված անձինք, օգտվելով իրենց քաղաքական ազդեցությունից, խուսափել են պատասխանատվությունից։