Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ընթացքում քաղաքագետներ Սերգեյ Մինասյանը և Դավիթ Պետրոսյանն անդրադարձան TRIPP նախագծի իրականացման հեռանկարներին, հնարավոր մարտահրավերներին և Հայաստանի ռազմավարական շահերին։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի համագործակցությունը կշարունակվի նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանից անկախ պատճառներով TRIPP-ի իրականացումը դանդաղի կամ խնդիրներ առաջանան։ Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի գործընկերներն ու հարևանները, այդ թվում՝ Իրանը, հասկանում են նախագծի նշանակությունը Հայաստանի համար։

Մինասյանի խոսքով՝ կարևոր է, թե հայկական կողմը հետագա քայլերում որքան արդյունավետ կիրականացնի իրենից կախված դիվանագիտական, քարոզչական և տեղեկատվական աշխատանքները։

«Խնդիրը միայն նրանում է, թե մենք հետագա քայլերում այն մասով, որը որ մեզանից կախված է, այդ դիվանագիտական, քարոզչական, ինֆորմացիոն աշխատանքը և համապատասխան ուղերձները ինչ էֆեկտիվությամբ կհասցնենք և՛ մեր գործընկերներին, և՛ այն դերակատարներին, որոնք այս կամ այն ձևով կարող են ազդել այս գործընթացի հետագա իմպլեմենտացիայի վրա»,- ասաց Մինասյանը։

Դավիթ Պետրոսյանն իր հերթին ընդգծեց, որ քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե ցանկությունների, այլ առկա հնարավորությունների և ռազմաքաղաքական իրողությունների համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ TRIPP-ը Հայաստանին հասանելի լավագույն տարբերակներից մեկն էր։

«Այսինքն՝ մենք ընտրում ենք եղած հնարավորների մեջ․ ցանկալի իմաստով մենք կարող ենք ունենալ շատ լավ ցանկություններ, բայց այդ հնարավորությունների, այդ ռազմաքաղաքական իրականության շրջանակում մեզ տրամադրվում են հնարավոր տարբերակներ։ Իմ կարծիքով՝ եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույններից էր»,- նշեց Պետրոսյանը։

Քաղաքագետն ընդգծեց նաև, որ քաղաքական որոշումներ կայացնելիս ցանկությունների և իրական կարողությունների անհամապատասխանությունը կարող է հանգեցնել արդեն իսկ ունեցածի կորստին։

«Երբ որ մենք ցանկությունով ենք քաղաքականությանը նայում ու այդ ցանկությանը համապատասխան կարողություններ չենք ունենում, մենք կորցնում ենք նաև այն, ինչ որ մենք ունենք՝ չստանալով այն, ինչ որ ցանկանում էինք ստանալ»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment