Վարչական դատարանը մերժել է Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջը։ Նա կմասնակցի նոյեմբերի 29-ին նախատեսված ավագանու ընտրություններին։
Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դատարանից պահանջել էր ուժը կորցրած ճանաչել Սպիտակի գործող համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը, հայտնում է Factor.am-ը:
Ինչպես պարզել է Factor TV-ն, նոյեմբերի 23-ին հրապարակված դատական վճռի համաձայն՝ հայցի համար հիմք են հանդիսացել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված 4 անձանց աշխատանքից ազատելու վերաբերյալ համայնքապետի որոշումները։
Հոկտեմբերի 29-ին Նիկողոսյանը պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, աշխատանքից ազատվել են նաև Կաթնաջուրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանը, Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը և Սարահարթի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանը։
Հոկտեմբերի 30-ին Սպիտակի համայնքապետը նաև գրություն է հասցեագրել բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ առաջարկելով հաջորդ մեկ ամսվա ընթացքում արձակուրդ չմեկնել։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համոզմամբ՝ աշխատանքից ազատելու որոշումները կայացվել են ընտրապայքարում առավելություն ձեռք բերելու նպատակով։ Հանձնաժողովը գտել է, որ համայնքապետը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, փորձել է նվազեցնել մրցակից քաղաքական ուժի ընտրական հնարավորությունները։
Ներկայացված հայցում, մասնավորապես, նշվել է, որ պաշտոնանկությունները «նպատակ են ունեցել ընտրությունների ժամանակ ապահովելով անհավասար մրցակցային առավելություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի համար»։
Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնանկությունները համընկել են ընտրական գործընթացի հետ, իսկ դրանց հետևանքները շարունակվել են՝ հնարավոր ազդեցություն ունենալով ազատ և հավասար մրցակցության պայմանների վրա։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ «նման հանգամանքները կարող են առաջացնել ոչ միայն ընտրական օրենսդրության խախտումներ, այլև պարունակել քրեաիրավական բնույթի հատկանիշներ»։
Քաջայր Նիկողոսյանը չի ընդունել այն պնդումները, թե իր գործողություններով փորձել է ընտրություններում առավելություն ստանալ։ Դատական նիստում նրա ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատակիցների պաշտոնանկություններն իրականացվել են աշխատանքային հարաբերությունների կարգավորման շրջանակում։ Ըստ նրա՝ համապատասխան որոշումների կայացման պահին համայնքապետը տեղեկացված չի եղել այլ կուսակցության ընտրական ցուցակում աշխատակիցների ընդգրկված լինելու մասին։
Պաշտպանական կողմը նաև մատնանշել է, որ խնդրո առարկա որոշումները կայացվել են նախքան նախընտրական քարոզարշավի սկսվելը, երբ Քաջայր Նիկողոսյանը դեռևս գրանցված թեկնածու չի եղել։
Հայցը քննելիս Վարչական դատարանն առանձնահատուկ նշանակություն է տվել պաշտոնանկությունների ժամկետներին։ Մասնավորապես, աշխատակիցներն ազատվել են հոկտեմբերի 29-ին և 30-ին, իսկ Սպիտակի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 4-ին։
Դատարանը տարանջատել է ընտրական գործընթացի և նախընտրական քարոզչության ժամանակահատվածի իրավական հասկացությունները՝ ընդգծելով, որ դրանց նկատմամբ տարբեր կարգավորումներ են կիրառվում։
«Դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսգրքով ընտրական գործընթացի և նախընտրական քարոզչության ժամանակային տիրույթները տարանջատված են», ասվում է որոշման մեջ:
Ըստ դատարանի՝ նախընտրական քարոզարշավի համար սահմանված սահմանափակումների տարածումը դրան նախորդող ժամանակահատվածում իրականացված գործողությունների վրա կարող է անհամատեղելի լինել իրավական որոշակիության սկզբունքի հետ։
Դատական ակտում, մասնավորապես, նշվել է․ «Դատարանի դիտարկմամբ նախընտրական քարոզչության կարգի պահպանման պարտավորությունը նախընտրական քարոզչության մեկնարկին նախորդող ժամանակահատվածին վերագրելը իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի խաթարման վտանգ կարող է ստեղծել»։
Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը չի անդրադարձել աշխատակիցների պաշտոնանկությունների իրավաչափության գնահատմանը։
Վճռում արձանագրվել է․ «Պատասխանողի կողմից կատարված՝ խնդրո առարկա արարքները չեն կարող գնահատվել որպես նախընտրական քարոզչության ընթացքում կատարված արարքներ, հետևապես անկախ այն փաստից, թե նշված արարքներն իրավական տիրույթում իրավաչափ են, թե ոչ՝ դրանք չեն կարող գնահատվել որպես նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում պարունակող արարքներ»։
Դատարանը, հետևաբար, հանգել է այն եզրակացության, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մատնանշած հանգամանքներն իրավական բավարար հիմք չեն Քաջայր Նիկողոսյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար և մերժել է ներկայացված հայցը։
Նոյեմբերի 23-ին հրապարակված դատական ակտը վերջնական է, ենթակա չէ վերանայման և իրավական ուժ է ստացել հրապարակման պահից։
Ընտրություններին ընդառաջ, Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման վերաբերյալ ահազանգ էր հնչեցրել «Անկախ դիտորդ» դաշինքը։ Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել է մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված չորս աշխատակցի՝ իր տեղակալին ու երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Մյուս վարչական ղեկավարներին համայնքապետն ուղարկել է շրջաբերական՝ պահանջելով նպատակային արձակուրդ ստանալու դիմումներ չներկայացնել։