Միացյալ Թագավորությունն Ուկրաինայի համար կեղծ C4 պայթուցիկներ է գնել․ FT

Մեծ Բրիտանիան ամերիկյան «Tripwire South LLC» ընկերությունից հարյուրավոր տոննա պայթուցիկ նյութ է գնել, որը մատակարարը ներկայացրել էր որպես ռազմական նշանակության C4 պայթուցիկի կատարելագործված տարբերակ։ Սակայն Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անցկացրած փորձարկումները ցույց են տվել, որ նյութի բաղադրության մեջ RDX (ցիկլոտրիմեթիլենտրինիտրամին) չկա։ Այս մասին հայտնում է «Financial Times» պարբերականը՝ հիմնվելու հետաքննության վրա։

Տասնյակ միլիոնավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագրերը «Task Force Kindred» ծրագրի մի մասն էին կազմում․ այս ծրագիրը պատասխանատու է Ուկրաինային սպառազինության հրատապ մատակարարման համար։ EDC-4 անվանումը կրող պայթուցիկը նախատեսված էր տարբեր նպատակների համար, այդ թվում՝ ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքերում կիրառելու համար։ Պարբերականի ուսումնասիրած գործարանային և փոխադրման փաստաթղթերը վկայում են, որ մատակարարումներն իրականացվել են 2023 թվականի վերջից մինչև 2024 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում։

«Tripwire»-ի հիմնադիր Ռայան Մորիսը նշել է, որ EDC-4-ը պարունակում է RDX և իր արդյունավետությամբ գերազանցում է ստանդարտ C4-ին։

Այնուամենայնիվ, առաջին մատակարարումից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ նյութի մեջ RDX չկա։ «Մենք անցկացրեցինք մի շարք անկախ վերլուծական փորձարկումներ, որոնք ցույց տվեցին, որ առկա միակ հզոր պայթուցիկ նյութը PETN-ն է (պենտաէրիտրիտոլ տետրանիտրատ)», — հայտնել են նախարարությունից FT-ին։

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ նախկինում արտադրանքը համարվել էր օգտագործման համար պիտանի, և դրա արդյունավետության վերաբերյալ որևէ մտահոգություն չէր առաջացել։

Պարբերականը նաև ուսումնասիրել է անվտանգության տվյալների թերթիկը, որը Tripwire-ը տրամադրել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը։ Թեև փաստաթղթում նշված էր RDX-ը (հեքսոգեն), այնտեղ բացակայում էին մի շարք նախազգուշացումներ, այդ թվում՝ այն փաստը, որ PETN-ը (պենտաէրիտրիտոլ տետրանիտրատ) կարող է պայթել բարձր ջերմաստիճանի դեպքում։ Ավելին, որոշ քիմիական բաղադրիչներ սխալ էին նույնականացված։ FT-ն ենթադրում է, որ փաստաթղթի որոշ հատվածներ կարող են արտագրված լինել մեկ այլ արտադրողից։

Թերթը պարզել է, որ Մորիսը նախկինում զբաղվել է պայթուցիկ նյութերի բիզնեսով, որը 2022 թվականին սնանկացել է՝ կուտակելով մոտ 5 միլիոն դոլարի պարտք։ 2024 թվականին՝ արդեն իսկ բրիտանական կառավարությանը մատակարարումներ իրականացնելու ընթացքում, նա դիմել է անձնական սնանկության ճանաչման համար․ գործընթացն ավարտվել է 2025 թվականի հունվարին։ Tripwire-ը նախորդ բիզնեսի փլուզումը վերագրել է համավարակի հետևանքներին՝ ընդգծելով, որ ընկերությունն անցել է ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացվող ստուգումներ։ Նրանք նաև նշել են, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը որևէ ֆինանսական հաշվետվություն չի պահանջել։

Մորիսը և «Tripwire»-ը հերքեցին այն պնդումները, թե իրենք ոչ ճշգրիտ տեղեկատվություն են տրամադրել։ «Անվտանգության ռիսկեր չեն եղել, գործառնական խափանումներ չեն արձանագրվել, Պաշտպանության նախարարությանը որևէ վնաս չի հասցվել, իսկ հաճախորդների կողմից բողոքներ չեն եղել», — հայտարարել են ընկերությունից։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը նշել է, որ պայմանագրով RDX-ի կամ PETN-ի պարունակության պարտադիր մակարդակ սահմանված չի եղել, ուստի գերատեսչությունը գնման պայմանների խախտման դեպքեր չի հայտնաբերել։

Leave a comment