Ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության նոր մեխանիզմ․ տուժողի ցուցմունքը կարող է բավարար լինել անհետաձգելի միջամտության համար
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթի փոփոխություններին։
Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընկած ժամանակահատվածում առաջարկվել են այնպիսի սկզբունքներ, որոնք, թեև ընթացակարգային բնույթի են, սակայն զգալիորեն հեշտացնում են դերակատարների՝ ոստիկանության, դատավորների և հասարակական կազմակերպությունների աշխատանքը։
Նախատեսվում է, որ բռնության ենթարկված անձի ցուցմունքներից բացի այլ ապացույցների բացակայության կամ դրանք օրենքով սահմանված ժամկետում ձեռք բերելու անհնարինության դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել բացառապես բռնության ենթարկված անձի արժանահավատ ցուցմունքի հիման վրա։
Անհետաձգելի միջամտության որոշում՝ առանց լսման
Բաթոյանի խոսքով՝ փոփոխություններից մեկով հստակեցվում է ենթադրյալ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ վկաների լսման կարգը։
«Առաջարկում ենք, որ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ վկաների լսումը իրականացվի, եթե լսման անցկացումը և անհետաձգելի միջամտության որոշման կայացումը հնարավոր է ապահովել նախատեսված ժամկետում՝ առանց ենթադրաբար բռնության ենթարկված անձի անվտանգությունը վտանգելու։ Հակառակ դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կայացվում է առանց լսման», – նշել է Բաթոյանը հանձնաժողովի արտահերթ նիստում։
Երեխաների հետ տեսակցության նոր կարգ
Առանձին կարգավորում է նախատեսվում երեխաների հետ տեսակցությունների համար։ Մասնավորապես, պաշտպանական և անհետաձգելի միջամտության որոշման գործողության ընթացքում երեխայի հետ տեսակցությունը կիրականացվի մյուս ծնողի ներկայությամբ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների մասնակցությամբ և ուղեկցությամբ։
Փաթեթի որոշ կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը։