Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից ընդամենը րոպեներ անց այն առաջիններից մեկը ողջունեց Բաքուն։
Պատճառը պարզ է․ նախագծում բացակայում են Անկախության հռչակագրի հիշատակումը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հանձնառությունը։
«Սա արդեն իսկ հիմք է ենթադրելու, որ Հայաստանի Մայր օրենքի նոր նախագիծը գրվել է Բաքվի ուղիղ հրահանգով»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հասարակական գործիչ Կարեն Ղազարյանը։
Ի՞նչ է տալու Հայաստանին նոր Սահմանադրությունը, եթե առաջիկա հանրաքվեի ժամանակ ժողովուրդը «Այո՛» ասի փոփոխություններին։ Կարեն Ղազարյանի գնահատմամբ՝ սա Հայաստանի համար թշվառության վերջնակետն է։ «Ինչ Սահմանադրություն էլ ունենանք, միևնույն է, եթե երկրի իշխանության ղեկին լինեն մարդիկ, որոնք չեն հարգում Մայր օրենքը, այն շարունակաբար խախտվելու է։ Դրա բազմաթիվ օրինակներն արդեն ունենք։ Սակայն երեկ ներկայացված նախագիծն առանձնահատուկ վտանգավոր է․ այն, իմ համոզմամբ, գրվել է թուրք-ադրբեջանական ուղիղ հրահանգով՝ Հայաստանը և հայ ժողովրդին նվաստացնելու, մեր ազգային արժանապատվությունը ոտնահարելու նպատակով»,- ասում է Ղազարյանը։
Անդրադառնալով ադրբեջանական մամուլի դրական արձագանքներին՝ մեր զրուցակիցը նշում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի կապիտուլյացիայի վերջին ակտն է։
«Սակայն, ինչպես Արցախի հանձնման և Կիրանցի հողերի հանձնման դեպքերում, Նիկոլ Փաշինյանը չի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կարձանագրի իր պատասխանատվությունը։ Ինչպես միշտ, նա մեղքը կբարդի ժողովրդի վրա՝ փորձելով պատասխանատվությունից խուսափել»,- ասաց Կարեն Ղազարյանը։