Սահմանադրական բարեփոխումների գործընթացի քաղաքական շահարկման անթույլատրելի լինելը
Սահմանադրությունը պետության հիմնարար իրավական փաստաթուղթն է, որը պետք է արտահայտի հասարակական լայն համաձայնությունը, ամրագրի իշխանության սահմաններն ու մարդու իրավունքների երաշխիքները և ապահովի պետական ինստիտուտների կայուն գործունեությունը։ Հետևաբար, դրա մշակման և ընդունման գործընթացը չի կարող պայմանավորված լինել քաղաքական իրավիճակով, առանձին քաղաքական ուժերի առաջնահերթություններով կամ քաղաքական ղեկավարության փոփոխվող օրակարգերով։
2015 թվականի հանրաքվեով ընդունած Սահմանադրությունը երբեք չի ունեցել բավարար լեգիտիմություն (վստահության չափանիշ)։ Այս մասին մշտապես բարձրաձայնել է մասնագիտական հանրույթը, քաղաքացիական հասարակությունը։
Լեգիտիմ և վստահություն ներշնչող սահմանադրություն ունենալու հնարավորություն ստեղծվեց 2018 թվականի երկրորդ կեսից սկսած, իսկ առավել առարկայական՝ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից, երբ ՀՀ կառավարությունն ընդունեց N 1441-Լ որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ()։
Ռազմավարության Նպատակ 3-ը վերաբերում էր Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, որով նախատեսվում էր 2020 թվականի ընթացքում՝
Գործողություն 1. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը սահմանող փաստաթղթի (կազմավորման կարգի) մշակում և ընդունում և հանձնաժողովի ձևավորում։
Գործողություն 1-ի արդյունք. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը սահմանող փաստաթուղթն ընդունված է, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորված է և մշակում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը։
Որպես Ռազմավարական ուղղություններ նախատեսված էր՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ։
ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշման հիման վրա ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողվի անհատական կազմը (Ե. Կիրակոսյան – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ), Ռ. Բադասյան – ՀՀ արդարադատության նախարար, Ա. Թաթոյան – Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), Վ. Վարդանյան – ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ), Վ. Հովակիմյան – ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ), Գ. Պետրոսյան – ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ), Տ. Սիմոնյան – ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ), Վ. Քոչարյան – ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ), Ա. Մանասյան – իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Ա. Ղամբարյան – իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Ա. Մազմանյան – իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Ա. Թավադյան – իրավաբան-գիտնական (համաձայնությամբ)
Լ. Գևորգյան – իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Տ. Մարկոսյան – իրավաբան-գիտնական (համաձայնությամբ), Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Զադոյան – «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ))։
Հանձնաժողովը որոշ ժամանակ աշխատեց և … վերջ։
2022 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարությունն ընդունեց N 1133-Լ Որոշումը՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
Փաստացի նախորդ ռազմավարության կատարված չլինելու պայմաններում, ընդունվեց նորը, իսկ նախորդի չկատարված գործողությունների, և հատկապես սահմանադրության նախագծի չպատրաստման համար ոչ ոք պատասխան չտվեց։
Ավելին՝ նոր ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ կամ ուղղություն սահմանադրության բարեփոխումները ներառված չէին։
Փոխարենը սահմանադրական բարեփոխումների դրույթը ներառված էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետում, որով նախատսված էր՝ «Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակում և հրապարակում, քննարկում, հաստատում ընդունում, ինչպես նաև նախագծին հավանություն տալու մասին Կառավարության որոշման ընդունում», որի կատարման ժամկետ սահմանված էր 2023թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը։
Ըստ էության 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ միաժամանակ աշխատում էին և՛ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողվը, և՛ արդարադատության նախարարությունը։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումը ՀՀ վարչապետի 2022 թ. հունվարի 27-ի N 111-Ա որոշմամբ Ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ (ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ), Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), Վ. Քոչարյան – ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ), Ա. Ջուլհակյան – ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ), Է. Մարուքյան – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Գ. Առաքելյան – «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Տ. Եգորյան – «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), (կազմը ընթացքում որոշակի փոփոխություների է ենթարկվել))։ Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ Վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա Որոշումը։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փաստացի աշխատեց մինչև 2026 թ. նոյեմբերի 23-ը, երբ ՀՀ վարչապետը հրապարակեց Արդարադատության նախարարության պատրաստած նոր սահմանադրության նախագիծը։ Չորս և կես տարի գործած սահմանադրական բարեփոխումների խորհրդի մշակած նախագիծը հանրության դատին չներկայացվեց։
Ըստ էության տարիներ շարունակ ընդունվում էին որոշումներ, գործողությունների պլաններ, միջոցառումներ, ձևավորվում էին մասնագիտական հանձնաժողովներ, նախատեսվում էին լայն քննարկումներ (օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով նախատեսվում էր «Հանրության լայն շրջանակների հետ առնվազն տասը ներառական քննարկման կազմակերպում Երևանում և մարզերում՝ որոշելու համար փոփոխությունների նպատակահարմարությունն ու հնարավոր ուղղությունները», «Ըստ քննարկումների արդյունքների՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից փոփոխությունների հայեցակարգի նախագծի մշակում, հրապարակում, առնվազն 3 մեծ քննարկում, հաստատում և ներկայացում Վարչապետի աշխատակազմ»), սակայն այդ ամենը զուր էր և նոր սահմանադրության նախագծի ներկայացումը կատարվեց վարչապետի ցանկությամբ։
Երկիր հիմնական օրենքը, մայր օրենքը, սահմանադրությունը պետք է ունենա կասկած չհարուցող լեգիտիմություն, այն չպետք է դառնա շահարկման առարկա։
ՀՀ վարչապետի (նախագծի ներկայացնողի), խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության անցած օրերի խոսույթը նախագծի վերաբերյալ ոչ թե իրավական, այլ առավելապես քաղաքական, որոշ դեպքերում կուսակցական կամ անձնական բնույթի են, ինչը զգալիորեն նվազեցնում է նախագծի իրավական արժեքն ու կասկածի տակ դնում դրա լեգիտիմությանը։
Ենթադրաբար կկայանան նաև մասնագիտական քննարկումներ, սակայն սահմանադրության նախագծի ներկայացումն ու դրա շուրջ տեղի ունեցած զարգացումներն ու իրադարձությունները արդեն իսկ մտահոգվելու հիմքեր են տալիս։
Հանրությանը պետք է հստակ հիմնավորումներ ներկայացվեն թե ինչու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ու Սահմանադրական բարեփոխումների խորհրդին չհաջողվեց մշակել սահմանադրության նախագիծ և ներկայացնել համաժողովրդական քննարկման, սակայն դա կատարվեց Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման հիման վրա Արդարադատության նախարարության կողմից ենթադրաբար 5 տարվա ընթացքում (հատկանշականն այն է, որ Արդադարության նախարարը զուգահեռաբար չորս և կես տարի նախագահում էր նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդում)։ Արդյոք խնդիրը կրում էր մասնագիտական-իրավական բնույթ, թե՞ ուներ քաղաքական (կուսակցական) շարժառիթ։
Սահմանադրության նախագծի քննարկման առանցքում պետք է լինեն ոչ թե դրա քաղաքական նպատակահարմարության մասին հայտարարությունները, այլ դրա իրավական որակը, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, իշխանությունների տարանջատման և զսպումների ու հակակշիռների արդյունավետությունը, դատական իշխանության անկախության երաշխիքները և պետական իշխանության հաշվետվողականության մեխանիզմները։
Սահմանադրության լեգիտիմությունը չի կարող պայմանավորվել միայն դրա ընդունման իրավական ընթացակարգի պահպանմամբ։ Այն պահանջում է նաև գործընթացի թափանցիկություն, մասնագիտական անկախություն, հասարակության տարբեր խմբերի իրական մասնակցություն, այլընտրանքային առաջարկությունների պատշաճ քննարկում և հիմնավորված պատասխաններ ներկայացված դիտարկումներին։
Հանրային քննարկումը չպետք է լինի արդեն իսկ պատրաստված նախագծի շուրջ կարծիքներ հավաքելու ձևական միջոց․ այն պետք է իրական հնարավորություն տա ազդելու նախագծի բովանդակության վրա։
Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: