Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է

Արմավիրի մարզում ավարտվել է կնոջ կողմից ամուսնուն առանձին դաժանությամբ սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև ծագած վիճաբանության ժամանակ կինը բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա նրա մարմնին և հագուստին սպիրտ լցրել ու լուցկիով հրկիզել։ Ստացած ծանր վնասվածքներից տղամարդը մահացել է։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2025 թվականի փետրվարին կինը հարվածել է ամուսնուն և սպառնացել սպիրտ լցնել նրա վրա ու այրել։ Կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սպանության և ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Նա կալանավորվել է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, որից հետո նրան քարշ տալով տեղափոխել է խոտածածկ հատված, վերցրել 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և իր մոտ գտնվող լուցկիով այրել նրան։ Հրկիզման հետևանքով առողջությանը պատճառված ծանր վնասվածքներից տուժողը մահացել է։

Բացի այդ, նաև պարզվել է, որ 2025 թվականի փետրվարին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը սպիրտի տարայով, ինչպես նաև ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխի հատվածին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ սպառնացել սպիրտը լցնել նրա վրա և այրել:

Կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Leave a comment