SpaceX-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է Starlink-ի ինտերնետ ծառայությունների որակը
Սույն թվականի նոյեմբերի 23-ին ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը և Հեռահաղորդակցության վարչության պետ Արմեն Հունանյանը հանդիպել են ՍփեյսԻքս (SpaceX) ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ-ի կողմից «Ստարլինկ ԷՅԷՄ» ընկերությանը տրամադրված լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության հիման վրա Ստարլինկի (Starlink) միջոցով ՍփեյսԻքսի (SpaceX) կողմից ՀՀ տարածքում արբանյակային կապի ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների (Fixed Satellite Services/FSS) մատուցման ու դրա հետագա զարգացմանն առնչվող հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ընկերության կողմից մատուցվող արբանյակային կապի ամրակցված լայնաշերտ ինտերնետ ծառայությունների մատուցման շրջանակում բաժանորդների սպասարկման որակի արդյունավետության բարձրացման հարցին՝ ներառյալ սպառողների դիմում-բողոքների արձագանքման լրացուցիչ այլընտրանքային մեխանիզմների կիրառման հնարավորությունների մասով։
Միաժամանակ, ներկայացվել է ՀՀ-ում շարժական արբանյակային կապի համակարգերով շարժական կապի ծառայություների (Mobile Satellite Services/MSS) մատուցման և հասանելիության համար հնարավորություն ստեղծելու և անհրաժեշտության դեպքում դրան առնչվող նոր կարգավորումներ նախատեսելու նպատակով ՀԾԿՀ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու տեսլականը՝ նկատի ունենալով արբանյակային կապի նշված նոր՝ շարժական կապի ծառայությունների MSS տեխնոլոգիայի կիրառությամբ պայմանավորված՝ դրան առնչվող կարգավորման սկզբունքների և մոտեցումների սահմանման վերաբերյալ Եվրոպական Միության անդամ պետություններում ներկայումս իրականացվող քննարկումները։