Եվրոպան Ռուսաստանին էներգառեսուրսների դիմաց ավելի շատ է վճարել, քան հատկացրել է Ուկրաինային աջակցելու համար
Ըստ Եվրահանձնաժողովի՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Մորից Քյորների հարցման պատասխանի՝ Եվրամիությունն ու նրա անդամ պետությունները 2022 թվականից մինչև 2026 թվականի հոկտեմբերի կեսերը Ուկրաինային աջակցելու համար ընդհանուր առմամբ հատկացրել են շուրջ 231,5 միլիարդ եվրո։ Նույն ժամանակահատվածում ԵՄ-ից Ռուսաստան է փոխանցվել 232,05 միլիարդ եվրո, ներառյալ՝ գազի դիմաց։
Քյորները քննադատել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը և այդ իրավիճակն անվանել «Եվրոպայի գործողությունների հետևողականության լիակատար ձախողման վկայություն»։
«Եվրոպան Պուտինի էներգետիկ տնտեսության համար վճարում է այնքան, որքան՝ նրան դիմադրելու համար։ Իսկ հետո զարմանում է, թե ինչու պատերազմը չի դադարում»,- հայտարարել է Քյորները, գրում է Bild-ը։ Որոշ երկրներ Ռուսաստանին զգալիորեն ավելի շատ են վճարել, քան տրամադրել են Ուկրաինային։ Օրինակ՝ Ֆրանսիան վճարել է շուրջ 40 միլիարդ եվրո, սակայն Ուկրաինային հատկացրել է ընդամենը շուրջ 16 միլիարդ եվրո։ Նմանատիպ անհամապատասխանություն կա նաև Իտալիայի դեպքում։
«Քանի դեռ ԵՄ-ն թույլ է տալիս, որ միլիարդավոր եվրոներ հոսեն Ռուսաստանի ռազմական գանձարան և միաժամանակ Ուկրաինային միայն անվճռական աջակցություն է ցուցաբերում, ինքն էլ նպաստում է, որ այդ պատերազմն անվերջ շարունակվի»,- նշել է Քյորները «Der Spiegel» հանդեսին տված հարցազրույցում։