9,2% ակտիվություն, բայց համեստ հարկային էֆեկտ. նախարարի պարզաբանումը

Արշալույս Մղդեսյան

Կառավարությունը մտադիր է չեզոքացնել ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման ոչ հարկունակ գործոնի ազդեցությունը ՀՆԱ-ի ցուցանիշների վրա՝ նպատակ ունենալով ապահովել տնտեսական դինամիկայի առավել իրատեսական պատկեր. այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ փետրվարի 13-ին հրապարակված հարցազրույցում։

Նախորդ տարվա տնտեսական դինամիկայի համատեքստում նախարարն անդրադարձել է այն մտահոգություններին, թե ինչու տնտեսական բարձր ակտիվությունը, որը կազմել է 9,2%, չի վերածվում համարժեք հավելյալ հարկային եկամուտների։ 

Պաշտոնական տվյալներով՝ 2025-ին Հայաստանի պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմել են ավելի քան 2,7 տրլն դրամ, ինչը 334,3 մլրդ դրամով կամ 14%-ով ավելի է 2024-ի համապատասխան ցուցանիշից և շատ չնչին` 0,2%-ով գերազանցում է կառավարության պլանավորած ցուցանիշը: 

Միևնույն ժամանակ, հարկերի և տուրքերի փաստացի մուտքերն էականորեն գերազանցել են 2025-ի կանխատեսված ցուցանիշները, որոնք արտացոլված էին 2026-2028-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ Հենց այս ցուցանիշն է որպես հիմք վերցնում ֆինանսների նախարարը՝ մատնանշելով 2025-ի դրական տարբերությունը պլանավորած հարկային եկամուտների և իրական թվերի միջև: 

«Միջնաժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը 2025-ի համար պլանավորել էր հարկային եկամուտների 10% աճ՝ 2024-ի նկատմամբ: Իրականում հարկային եկամուտների աճը կազմել է 14%»,- նշում է նախարարը։ Դրա արդյունքում, ըստ նրա, կանխատեսած հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0,5 տոկոսային կետով բարելավման փոխարեն փաստացի արձանագրվել է 1 տոկոսային կետով առաջընթաց` 23,5%-ից մինչև 24,5%:

Այնուամենայնիվ, նախարարն ընդունում է, որ ոսկու, թանկարժեք քարերի և այլ ապրանքների վերաարտահանման գործոնը զգալիորեն ազդում է վիճակագրության վրա, սակայն այն չափազանց քիչ հարկունակ ոլորտ է։

Չնայած տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշին` նախարարը կանխատեսում է համեմատաբար նվազ տնտեսական աճ` 6%-ի շրջանակում. «Մեր կարծիքով՝ ՀՆԱ-ի աճը մոտ է լինելու 6%-ին։ Իհարկե, այդտեղ կա նաև ոսկու որոշակի գործոն, որը մենք պետք է հանենք մեր ընդհանուր կանխատեսումից։ Ոսկու վերաարտահանումը ազդեցություն ունի, սակայն ՀՆԱ-ի ցուցանիշը հրապարակվելիս դա պետք է մաքրվի, ինչպես մաքրվեց նախորդ տարիներին»,- ասել է նախարարը։

2025-ի վիճակագրությունը վկայում է թանկարժեք իրերի արտաքին առևտրի շեշտակի ակտիվացման մասին։ Ի հակադրություն տարվա առաջին յոթ ամիսների, երբ այդ ապրանքատեսակի արտահանման ծավալները պահպանվում էին 40 մլն դոլարի սահմաններում, դեկտեմբերին գրանցվել է տասնապատիկ աճ՝ հասնելով 422 մլն դոլարի։

Ըստ էության, տևական անկումից հետո կրկին արձանագրվել է թանկարժեք մետաղների ու քարերի կշռի զգալի ավելացում արտահանման ընդհանուր հոսքերում։ Տնտեսագետների լեզվով՝ Հայաստանը դեռ չի ձերբազատվել վերարտահանման «ասեղից»: Եթե օգոստոսին այս ոլորտի տեսակարար կշիռը նվազել էր մինչև պատմական ցածր՝ 14,1% մակարդակի, ապա դեկտեմբերին այն կտրուկ աճել է՝ կազմելով 44,5%։

«Թանկարժեք քարեր և մետաղներ» ապրանքախմբի ընդհանուր արտահանումը դեկտեմբերին կազմել է 539 մլն դոլար, ինչը երկրի արտաքին առևտրի կեսից ավելին է՝ 52%։ Թեև այս թվերը դեռ զգալիորեն զիջում են 2024-ի գարնանային պիկին, երբ մարտին վերաարտահանումը հասել էր շուրջ 1,5 մլրդ դոլարի (արտահանման 80%-ը), պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ վերաարտահանման գործոնի ազդեցությունից ձերբազատվելու մասին դատողությունները վաղաժամ են։

The post 9,2% ակտիվություն, բայց համեստ հարկային էֆեկտ. նախարարի պարզաբանումը appeared first on CIVILNET.

Leave a comment