ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Ստեղծարար տնտեսությունը Հայաստանում 2021-2024թթ.» վիճակագրական տեղեկագիրը, որում ներկայացված են Հայաստանի ստեղծարար տնտեսության հիմնական ցուցանիշները, դրանց կառուցվածքն ու փոփոխությունները 2021-2024 թվականներին։
Տեղեկագրի համաձայն՝ ստեղծարար տնտեսության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում 2024 թվականին կազմել է 6.7%՝ 2021 թվականի 4.7%-ի դիմաց։ Այսպիսով, չորս տարվա ընթացքում ցուցանիշն ավելացել է 2 տոկոսային կետով։ Նույն ժամանակահատվածում ստեղծարար տնտեսության մասնաբաժինը համախառն ավելացված արժեքում աճել է 5.3%-ից մինչև 7.4%։
Միաժամանակ զգալիորեն աճել է ստեղծարար տնտեսության համախառն ավելացված արժեքի ծավալը։ Եթե 2021 թվականին այն կազմել է 330,682.9 մլն դրամ, ապա 2024 թվականին հասել է 687,042.2 մլն դրամի՝ ավելանալով ավելի քան 2 անգամ։
Ոլորտի ընդլայնումն արտահայտվել է նաև տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի զգալի աճով։ Եթե 2021 թվականին ստեղծարար տնտեսության ոլորտում գործունեություն էր իրականացնում 10,135 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2024 թվականին դրանց թիվը հասել է 20,210-ի՝ չորս տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվելով։
Դրական դինամիկա է արձանագրվել նաև զբաղվածության ցուցանիշում։ 2021-2024 թվականներին ստեղծարար տնտեսությունում աշխատողների թվաքանակն աճել է 23%-ով՝ 2024 թվականին հասնելով շուրջ 101․6 հազարի։ Միաժամանակ բարձրացել է ոլորտի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը, 2021թ․-ին այն կազմել է 288,530 դրամ, իսկ 2024թ․-ին հասել է 467,039 դրամի։
Արտահանման ցուցանիշները ևս վկայում են ոլորտի տնտեսական դերի մեծացման մասին։ Ստեղծարար տնտեսության ապրանքների արտահանման մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ապրանքային արտահանման մեջ 2021 թվականի 2.9%-ից 2024 թվականին հասել է 7.5%-ի։ Արտահանման ծավալները 2021թ․-ի 43․2 մլրդ դրամից աճել են 9 անգամ և 2024թ․-ին կազմել 385․6 մլրդ դրամ։
Ստեղծարար տնտեսությունն ընդգրկում է հետևյալ տասը հիմնական ոլորտները․ գովազդ և մարքեթինգ, ճարտարապետություն, տեսալսողական արվեստ և լուսանկարչություն, գրքեր և հրատարակչություն, մշակութային և բնական ժառանգություն, դիզայն, արհեստագործական արտադրանքի արտադրություն, երաժշտություն և կատարողական արվեստ, ծրագրային ապահովում և հետազոտություններ ու մշակումներ։
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ 2021-2024 թվականներին ստեղծարար տնտեսությունն ընդլայնել է իր ներկայությունը Հայաստանի տնտեսական համակարգում՝ մեծացնելով ինչպես ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժինը, այնպես էլ զբաղվածության և արտահանման ոլորտներում իր դերակատարումը։