«Միայն այն, որ սա ալիևյան պահանջ է, և Ալիևի պահանջով սահմանադրություն փոխելը ինքնին արդեն խայտառակություն է։ Դրանից այն կողմ՝ դետալների մեջ մտնելը ուղղակի անմտություն է, ժամավաճառություն է»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով նոր սահմանադրության և այդ առիթով Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ուղերձի մասին։ Սակայն, այնուամենայնիվ, մի քանի դիտարկում արեց։
«Սա ալիևյան սահմանադրություն է, և երկրորդ կարծիք չկա զուտ այն պատճառով, որ արդեն գործող իշխանությունները «պրիզնատ» են եկել, որ սա Ալիևի պահանջն է, որ Ալիևն է ստիպում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը փոխվի։
Բացեք ադրբեջանական մամուլը։ Թերթում եմ՝ ցնծության մեջ են։ Բոլոր ադրբեջանական կայքերի գլխագրերում դրված է. «Ադրբեջանի պահանջով փոխվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը»։
Գետինը մտնես։ Այ, Ալիևի «աբսլուգ», դու դրանից հետո «տհաճ ռոժդ» վերցրած մտնում ես ուղիղ եթեր, որ ի՞նչ։ Ինչի՞դ վրա ես ոգևորվել։ Որ ծառայում ե՞ս Ալիևին, որ խայտառակո՞ւմ ես մեր դարավոր պատմությունը, ինքնությունը։ Ու մեր տեսակը ուզում ես ոչնչացնե՞լ։
Ընդամենը մի հարց էլ կա, որ Ալիևը վզին դրել է, սա էլ ասել է. «Շեֆ ջան, կարելի՞ է սահմանադրության մեջ մի քանի դրույթ էլ ես ավելացնեմ իմ սեփական խնդիրները լուծելու համար»։ Դա միահեծան ֆեոդալական իշխանության ամրապնդումն ու պահպանումն է։
Սիրելի հայրենակիցներ։ Նոր սահմանադրությունով ոչ մի բան չի փոխվելու։ Հակառակը՝ կուսակցություններին հալածելու էջ է բացում։ Ում ուզի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից զրկի, ում գլխին ինչ ուզենա՝ սարքի։
Այո, ինքը մի քանի դրույթներ Ալիևից խնդրել է, որ դրանք ավելացնի իր իշխանությունն ամրապնդելու և Հայաստանի Հանրապետության գլխին նոր պատերազմ բերելու։ Սա նոր պատերազմի սահմանադրություն է, որովհետև լավ գիտակցում ու հասկանում է՝ ցանկացած բանիմաց, գրագետ, կիրթ, գոնե մի քանի գիրք կարդացած մարդ հասկանում է, որ սահմանադրությունը երբեք ու երբեք չի կարող առիթ հանդիսանալ, որպեսզի պատերազմ լինի։ Սա աշխարհում չտեսնված, չլսված բան է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: