Նոր պահանջներ կուսակցություններին և լրատվամիջոցներին, ընդլայնված լիազորություններ՝ ԱԺ-ին, նոր սահմանադրության նախագիծ

«Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով»,- ամրագրված է ՀՀ Սահմանադրության նոր նախագծում։ Սա նոր պահանջ է լրատվամիջոցներին, որը ձևակերպված է նոր՝ հոդված 28-ով, որը վերնագրված է «Զանգվածային լրատվության միջոցները»։ ՀՀ գործող սահմանադրության մեջ այսպիսի դրույթ լրատվամիջոցների հետ կապված ներառված չէ։

ՀՀ Սահմանադրության նոր նախագծում նոր պահանջ է ներկայացված նաև կուսակցություններին։ Հոդված 27-ով սահմանված է, որ կուսակցությունները կարող են ֆինանսավորվել միայն քաղաքացիների կողմից նվիրատվություններ ստանալու միջոցով, նաև օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ պետական բյուջեից։

Ըստ նոր սահմանադրության՝ ընդլայնվել են Ազգային ժողովի լիազորությունները։ Ներկայացված նախագծով առաջարկվում է նոր սահմանադրական կարգավորում, որով Ազգային ժողովին հնարավորություն է տրվում սեփական որոշմամբ վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։

Ի տարբերություն գործող Սահմանադրության, որը չի նախատեսում Ազգային ժողովի ինքնալուծարման նման ինքնուրույն իրավունք, նախագծով առաջարկվում է ներդնել խորհրդարանի ինքնալուծարման իրավական մեխանիզմ՝ ընդլայնելով Ազգային ժողովի՝ սեփական լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունները։

Նոր սահմանադրության նախագիծը նախատեսում է մի շարք էական փոփոխություններ, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների ժամկետների երկարացում, խորհրդարանական մեծամասնության չձևավորման դեպքում նոր ընտրությունների անցկացում, կրկնակի անհաջողության դեպքում կայուն մեծամասնության ձևավորման հատուկ մեխանիզմ, ինչպես նաև այնպիսի սահմանադրական երաշխիքի սահմանում, որի համաձայն՝ մեկ քաղաքական ուժի կողմից մանդատների երկու երրորդից ավելին ստանալու դեպքում մյուս քաղաքական ուժերի ներկայացվածությունը պետք է հասցվի առնվազն մեկ երրորդի։

Ներկայացված նախագծի 44-րդ հոդվածի հիմնական նորամուծությունն այն է, որ գործող Սահմանադրության համեմատ ընդլայնվում են Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները։ Եթե գործող Սահմանադրության 113-րդ հոդվածով նախատեսվում է կառավարության անդամներին հարցապնդումներ ուղղելու և դրանց արդյունքում վարչապետին առաջարկելու՝ քննարկել նախարարի հետագա պաշտոնավարման հարցը, ապա նախագծով Ազգային ժողովի խմբակցություններին տրվում է փոխվարչապետին, նախարարին և դիվանագիտական ներկայացուցչին անմիջականորեն անվստահություն հայտնելու իրավունք։ Ընդ որում, անվստահության որոշման ընդունման դեպքում տվյալ պաշտոնատար անձի լիազորությունները համարվում են դադարած։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment