ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարը կարևորել է ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթական բաղադրիչի ներդրումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը «DigiTec 2026»-ի շրջանակում մասնակցել է «Governments in the AI Race: Policy, Sovereignty and Regional Hubs» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Բախտիյար Մուխամետկալիևը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսը և Բուլղարիայի նորարարությունների և աճի փոխնախարար Միրա Յոսիֆովան։ Քննարկումը վարել է SPARK WORK ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ներկայացուցիչ Արմեն Քոչարյանը։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանն առնչվող պետական քաղաքականության առաջնահերթություններին, տեխնոլոգիական ինքնիշխանությանն ու կառավարման մեխանիզմներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և արհեստական բանականության կենտրոնների ձևավորման հեռանկարներին։

Իր ելույթում նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի՝ արհեստական բանականության ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկրի ուշադրության կենտրոնում է ոչ միայն արհեստական բանականության լուծումների ներդրումը, այլև ամբողջական և մրցունակ էկոհամակարգի ձևավորումը՝ համապատասխան ենթակառուցվածքներով, մասնագիտական ներուժով, հետազոտական կարողություններով և բիզնեսի ակտիվ ներգրավմամբ։

Նախարարը կարևորել է ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) ուղղության զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացնել մասնագիտական կարողությունները և խթանել ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում նախաձեռնությունների պաշտոնական մեկնարկի և դրանց շուրջ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Անդրադառնալով մարդկային կապիտալի զարգացմանը՝ Դավիթ Թադևոսյանը շեշտել է, որ ԱԲ ոլորտի առաջընթացի առանցքային նախապայմաններից մեկը կրթական համակարգի զարգացումն է։ Նա կարևորել է ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթական բաղադրիչի ներդրումը, բուհերի և հետազոտական կառույցների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև նոր մասնագետների և հետազոտողների պատրաստման ու ոլորտ ներգրավման մեխանիզմների զարգացումը։

Նախարարը նշել է, որ ԱԲ ոլորտում տարբեր ընկերություններ ունեն մասնագիտական տարբեր պահանջներ, ուստի անհրաժեշտ է զարգացնել ճկուն կրթական և մասնագիտական պատրաստման մոդելներ՝ շուկայի իրական կարիքներին համապատասխան։ Այս ուղղությամբ կարևոր է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին աջակցությունը և Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ու ինժեներական ներուժ, ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ ունեցող երկրի դիրքավորման շարունակական ամրապնդումը։

Քննարկման կարևոր ուղղություններից է եղել նաև տեխնոլոգիական ինքնիշխանության հարցը։ Նախարարն ընդգծել է սեփական հետազոտական և տեխնոլոգիական կարողությունների զարգացման, արհեստական բանականության ոլորտում ինքնուրույն լուծումներ ստեղծելու և արտաքին տեխնոլոգիական կախվածությունները կառավարելու կարևորությունը։

Անդրադառնալով պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է արհեստական բանականության զարգացման համար առանձնացված և նպատակային էկոհամակարգի ձևավորումը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով արհեստական բանականության տեխնոլոգիաների աճող պահանջները։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment