Հայաստանում նոր են հանրայնացրել սահմանադրության նախագիծը, և դեռ չեն էլ մեկնարկել սահմանադրության նոր նախագծի մասնագիտական քննարկումները, բայց Ադրբեջանից արդեն շտապում են դրական գնահատական տալ նախագծին՝ ոգևորվելով դրանում Անկախության հռչակագրի վրա հղման բացակայությունից, ինչն առկա է գործող Սահմանադրության մեջ։
Հենց Անկախության հռչակագիրն էլ թիրախավորել էր պաշտոնական Բաքուն՝ պարբերաբար Հայաստանի ականջին հնչեցնելով այն թեզը, թե հռչակագիրը Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում։
Պաշտոնական Բաքվի առաջին արձագանքը նախագծի վերաբերյալ այսօր հնչեցրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու անհրաժեշտության մասին։
Բայրամովն, անդրադառնալով նոր սահմանադրության տեքստին, բարձր է գնահատել այն հանգամանքը, որ, իր դիտարկմամբ, դրանում տարածքային հավակնություններ չկան։ «Տարածված հրապարակային հայտարարությունների համաձայն՝ նոր սահմանադրության նախագծում նման պահանջներ նախատեսված չեն, և ադրբեջանական կողմը հույսով է հետևում այդ գործընթացին», – հավելել է նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանում սահմանադրական գործընթացի ավարտի ժամկետները կախված են այդ երկրի ղեկավարությունից և հասարակությունից։ Բայրամովը երաշխավորել է, որ նոր սահմանադրության ընդունումը կխթանի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, և այդ հարցի լուծումից հետո «նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար լրացուցիչ խոչընդոտներ չեն մնա»։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի համոզմամբ՝ Բայրամովի գնահատականը բացարձակապես որևէ դերակատարություն չպետք է ունենա Հայաստանի ներքին զարգացումների վրա, և նրա ոգևորությունն այդ հարցի շուրջ փաստում է այն մասին, որ նոր սահմանադրության պատվիրատուն և հեղինակը հենց ինքը՝ Բայրամովն է, Ալիևը և Ադրբեջանում գործող իշխանական շրջանակները, ինչի մասին քանի տարի է՝ պնդում է ընդդիմությունը։ Փաստացի Բայրամովն իր հայտարարությամբ հաստատում է այդ պնդումները։ Այդուհանդերձ, ադրբեջանագետի համար անհասկանալի է Ադրբեջանի ոգևորությունն այս հարցում, քանի որ սահմանադրական փոփոխություններն անդառնալի չեն։
«Անհասկանալի է Ադրբեջանի ոգևորությունը և ՔՊ-ի համառությունն ու անդրդվելիությունը այն առումով, որ ոչինչ չի խանգարում Հայաստանին հետագայում ենթադրյալ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո նորից փոխել մայր օրենքը։ Փաշինյանը ցմահ չի լինելու իշխանության, և հայկական կողմին ոչինչ չի խանգարում նրանից հետո վերադառնալ հին սահմանադրությանը։ Սահմանադրությունը քարե անփոփոխ սեպագիր չէ, այն կարելի է անվերջ ցանկացած ձևով փոփոխել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արմինե Ադիբեկյանը՝ նշելով, որ Ադրբեջանը դժվար թե հավատա նման երաշխիքների, թե սահմանադրություն փոփոխելով՝ Հայաստանն այլևս որևէ տարածքային հավակնություններ չի կարող ունենալ։
Ըստ նրա՝ տարածքային հավակնությունները սահմանադրությամբ պայմանավորված չեն։ Ադրբեջանագետը նշում է Ռուսաստանի օրինակը, որի Սահմանադրության մեջ Ղրիմի մասին հիշատակում չկա, բայց անեքսիան տեղի ունեցավ։ «Նման հավակնություններն իրականացվում են ոչ թե հիմնվելով գործող սահմանադրության վրա, այլ այդ պահին թշնամու թույլ լինելու, տնտեսական, քաղաքական ամբիցիաների, շահերի վրա։
Մենք կարող ենք սահմանադրության մեջ չամրագրել, բայց Ադրբեջանի տարածքի հանդեպ հավակնություններ ունենալ։ Մեկը մյուսին չի բացառում, և մեկը մյուսին չի երաշխավորում։ Ես պատմության մեջ չեմ հիշում դեպք, երբ պատերազմները ծավալվել են՝ հիմնվելով ինչ-որ իրավական միջազգային արձանագրումների, մայր օրենքների վրա՝ սկսած Աֆղանստանով, ավարտած արցախյան պատերազմով։ Սահմանադրությունը զսպող կամ հրահրող հիմք չի հանդիսացել»,- հավելում է ադրբեջանագետը։
Նա Բաքվի պաշտոնյաներին խորհուրդ է տալիս նախ սեփական սահմանադրությունը վերանայել, որտեղ հավակնություններ կան Հայաստանի տարածքների նկատմամբ «Արևմտյան Ադրբեջանի» անվան տակ, ու դա սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականության համար։
Արմինե Ադիբեկյանի համար Ադրբեջանի հավաստիացումները, թե նոր սահմանադրության ընդունումից հետո իրենք կստորագրեն չարչրկված խաղաղության համաձայնագիրը, վստահելի չեն։ Նա համոզված է, որ դրան հաջորդելու են նոր պահանջներ.
«Ադրբեջանի երաշխիքները, թե նախագիծն ընդունելուց ու նոր սահմանադրություն ունենալուց հետո խաղաղության նախաստորագրված համաձայնագիրն ի վերջո կստորագրվի, ևս քարին գրված սեպագիր արձանագրություններ չեն, ոչինչ չի խանգարում Բաքվին նոր պահանջներ ներկայացնելու համար։ Ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, Ադրբեջանին այդ պայմանագիրը պետք չէ։ Ադրբեջանն այդ հանգամանքն օգտագործում է նոր պահանջներ առաջ քաշելու և իր ուզածին հասնելու համար։ Հաջորդ քայլը լինելու է Սևանա լիճը կիսելն ու այն սահմանամերձ լճի վերածելը. Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի հանդեպ նրանք ակնհայտ հավակնություններ ունեն»,- եզրափակում է մեր զրուցակիցը՝ հորդորելով չվստահել ու չխաբվել Բաքվից հնչող հավաստիացումներին։
Թագուհի Ասլանյան