ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էին նախարարության ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։
Հանձնարարվել է սեղմ ժամկետներում ամբողջացնել և ավարտել վերաբաշխումների նախագծերը՝ հաշվի առնելով բյուջետային տարվա ավարտը և նախատեսված աշխատանքների ժամանակին ապահովելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև տարկետումների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, այդ թվում՝ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված առաջին 50 համալսարաններում ուսումնառության նպատակով տարկետում տրամադրելու վերաբերյալ։ Նախարարը հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին․ ներկայացվել են մասնակցության ցուցանիշները և արձանագրված նախնական արդյունքները։
Տրվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող համապատասխան հանձնարարականներ՝ կարևորելով դրանց ժամանակին և պատշաճ կատարումը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: